Մուստաֆա Այդին. Այժմ Թուրքիային քրդական հարցն ու 2014-ի ընտրություններն են հետաքրքրում, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները

Մուստաֆա Այդին. Այժմ Թուրքիային  քրդական հարցն ու 2014-ի ընտրություններն են հետաքրքրում, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - «Հրադադարի պայմանագիրը Ադրբեջանի առաջին դեմքի համաձայնությամբ է կնքվել, իսկ ի՞նչ են անում հիմա ադրբեջանցիները», - այսօր Երևանում մեկնարկած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումի ժամանակ ներկաներին հռետորական հարց ուղղեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա զեկույցը ԼՂ հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղիների մասին է` Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկայի համատեքստում:

«Այստեղ հնչող մտքերն իշխանությունների պաշտոնական տեսակետների հետ հնարավոր է չհամընկնեն, բայց ակադեմիական ձևաչափը հնարավորություն է տալիս նաև խնդրի լուծման այլ կողմը տեսնել», - ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանը:

Ֆորումին մասնակցելու է եկել նաև Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը: Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի զարգացում տեղի չի ունենում և Թուրքիայի օրակարգում այդպիսի հարց չկա էլ:

«Պատճառը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներն են: Երբ որ Մերձավոր Արևելքի խնդիրները, Սիրիայի հարցը լուծվեն, այն ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ հետաքրքրությունը նորից կմեծանա: Իսկ հիմա թուրքական քաղաքականությունը կենտրոնացված է նաև ներքին խնդիրներ լուծելու վրա: 2014 թվականին մեզ մոտ նախագահական ընտրություններ են լինելու, մեր վարչապետն ուզում է նախագահ դառնալ, սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում: Քրդական հարցն էլ կա», - ասաց Մուստաֆա Այդինը:

Ամենամյա ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ու Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---