Դավիթ Ջամալյան. Ալիևը կարող է գնալ իրավիճակի ապակայունացման, բայց ոչ պատերազմի

Դավիթ Ջամալյան. Ալիևը կարող է գնալ իրավիճակի ապակայունացման, բայց ոչ պատերազմի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում իշխանության հավակնող բոլոր քաղաքական ուժերը ոչնչով չեն զիջում Իլհամ Ալիևի ռեժիմին, և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի քաղաքականությունը շարունակվելու է նաև այլ իշխանության պարագայում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ու ավելացրել. «Ադրբեջանում չկա այնպիսի իշխանության հեռանկար, որն ընդունի, որ ներկայիս Ադրբեջանի տարածքը Խորհրդային Ադրբեջանի տարածքից 15 հազար քառ. կմ-ով պակաս է»:

Վերջին օրերին Ադրբեջանում քաղաքացիական անհնազանդությունների մասին խոսելով` փորձագետը նշեց, դրանք վկայում են ճգնաժամային զարգացումների մասին, և այդ խնդրում պետք է տեսնել նաև սոցիալական կողմը, քանի որ Ադրբեջանում աղքատության խնդիր, այնուամենայնիվ, կա։

«Հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանի հասարակությունը, կարծես, հակված է ցանկացած իշխանություն վերածել բռնապետության, իսկ երրորդ գործոնը կապված է ամենաթողության հետ, և հետընտրական շրջանում մենք կտեսնենք այդ ամենի պայթյունը»,– ասաց Դավիթ Ջամալյանը։

Ներքին լարվածությունը ճնշելու նպատակով Ադրբեջանի` Արցախի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու հավանականության մասին Դավիթ Ջամալյանն ասաց, որ նման սցենար կարող է զարգանալ միայն այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը հաղթանակի վստահություն ունենա: Բայց քանի որ նման հեռանկար չկա, ապա այս իրավիճակում պատերազմի գնալը Բաքվի համար արկածախնդրություն կլինի։

«Պատերազմական նման սցենարը կարագացնի ալիևյան կլանի կործանումը: Ալիևը կարող է գնալ իրավիճակի ապակայունացման, բայց այնպիսի ապակայունացման, որը չի տանի պատերազմի»,– ասաց փորձագետը։

Ավելի վաղ Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների մասին փորձագետ Սարգիս Ասատրյանը կարծիք էր հայտնել, որ քաղաքացիական անհնազանդություններով Ադրբեջանում դժգոհության իմիտացիա է ստեղծում՝ քաղաքացիական հասարակության գոյության մասին տպավորություն ստեղծելու համար: Իրականում՝ Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են մարդկանց դժգոհությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---