Հայաստանի ՊՆ ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին ՀՀ նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում շարունակվող այցի շրջանակներում Հայաստանի ԶՈՒ անունից ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին Արլինգթոնի գերեզմանոցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռիչարդ Լուգարի հետ: Ս. Սարգսյանն երախտագիտություն հայտնեց անկախությունից ի վեր ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանում երկու պետությունների երկուստեք հետաքրքրություն հանդիսացող հարցերը: Գոհունակություն հայտնելով ռազմական ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներով, սենատոր Լուգարը շնորհակալություն հայտնեց կոալիցիայի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի մասնակցության համար:



Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիքոլաս Բերնսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան քաղաքական եւ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն դարձվեց տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Կողմերը շեշտեցին Մինսկի Խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի միայն խաղաղ ճանապարհով կարգավորման կարեւորությունը, անընդունելի համարելով ցանկացած այլընտրանք: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՄՆ իր այցելության ընթացքում ՀՀ եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության ընդլայնման ծրագրերի վերաբերյալ պայմանավորվածությունները զգալիորեն կնպաստեն ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության իրագործմանը, ինչն իր հերթին կնպաստի նաեւ տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Պենտագոնում, ԱՄՆ Կոնգրեսում եւ Պետքարտուղարությունում ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հարցազրույց տվեց ռազմաքաղաքական հարցերը լուսաբանող հանրահայտ «Ջեյնս» ամսագրի թղթակցին, պատասխանեց ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ՀՀ ռազմական քաղաքականության եւ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին հարցերին: Այցելության ընթացքում Նախարար Սարգսյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ամերիկահայ քաղաքական կազմակերպությունների ղեկավարների, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա