Ա.Բախշյան. ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այնպիսի ընդդիմադիր բառապաշար են օգտագործում. նախանձել կարելի է

Ա.Բախշյան. ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այնպիսի ընդդիմադիր բառապաշար են օգտագործում. նախանձել կարելի է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններից հետո մեկ թեկնածուի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանի համար ընդունելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ խոսքը վերաբերում է միայն ընդդիմադիր թեկնածուներին և նման համախմբում չի տեսնում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի շուրջ:

«ԲՀԿ-ն ինձ համար ընդդիմադիր չէ, քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն ընդդիմադիր չէ: ԲՀԿ-ն մինչև մեկ տարի առաջ եղել է կոալիցիայի անդամ ու կողմ քվեարկել բոլոր անօրինական որոշումներին»,- հայտարարեց «Ժառանգության» անդամը: Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ սերտ համագործակցության փորձ ունեցող ուժերին Անահիտ Բախշյանը նկատեց. «ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն քարոզարշավի ընթացքում այնպիսի ընդդիմադիր բառապաշար են օգտագործում, որ նախանձել կարելի է: ԲՀԿ-ն զայրանում է, զարմանում է, ասում է` գան ինչ կլինի: Բայց մենք տեսել ենք՝ ինչ կլինի: Մինչև մեկ տարի առաջ ամենուր ներկայացված էր ու մասնակցում էր իշխանության բոլոր գործընթացներին: Մենք տեսել ենք ներկայում ընդդիմադիր ԲՀԿ և ՀՅԴ անդամների ներգրավվածությունը գործադիրում, ովքեր պարզապես եղել են խոնարհ հարսներ»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հնչեցրած հայտարարություններին, թե ընդդիմադիր միասնական ցուցակը ճիշտ կլիներ, որ գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Լիլիթ Գալստյանի առաջնորդությամբ ցուցակ էր ներկայացրել: «Ինչու՞ չընդունվեց: Լիլիթը մեր հանրության կողմից հարգված քաղաքական գործիչ է: Իսկ ինչո՞ւ պետք է այդ ցուցակը գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ստացվում է, որ մենք ունենք մի Րաֆֆի»,- ասաց նա:

Անահիտ Բախշյանը նշեց, որ Երևանի խնդիրների մասին հիմա բարձրաձայնում են ընդդիմության դիմակ հագած քաղաքական ուժերը և հայտարարեց, որ ավագանու ընտրություններում իրենց մրցակիցներն են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

 Ուշագրավ
---