Հայոց ցեղասպանության հրեշավորության գիտակցումը աստիճանաբար թափանցում է Արեւելյան Եվրոպա

PanARMENIAN.Net - Լիտվայի սեյմի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման փաստը հերթական քայլն է 20 դարի այդ հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման ճանապարհին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, քաղաքական տեսակետից չափազանց կարեւոր է, որ ԵՄ անդամ հանդիսացող եւս մեկ երկիր ճանաչեց Ցեղասպանությունը: «Միանշանակ է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային բնույթ է ստացել` մարդկության դեմ այդ ոճրագործության ողջ հրեշավորության գիտակցումը աստիճանաբար թափանցում է Արեւելյան Եվրոպա»,-հայտարարել է Լ.Մկրտչյանը: Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել նաեւ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, աշխարհը համոզվեց, որ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, մեծ խնդիրներ կունենա:



Իր հերթին, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը նշել է, որ «պատմական արդարության ճանաչման գործընթացը համաշխարհային բնույթ է ստանում եւ անդառնալի է»: «Մենք բարձր ենք գնահատում Լիտավյի սեյմի քայլը, ինչը շատ կարեւոր է հետագայում այդ հարցը ողջ աշխարհում առաջ տանելու համար, ինչպես նաեւ Սկանդինավիայի եւ Մերձբալթիկայի երկրների խորհրդարանների համար»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Լիտվայի սեյմը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---