Ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով է գազը թանկանում. Փոստանջյանի խոսափողն անջատեցին

Ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով է գազը թանկանում. Փոստանջյանի խոսափողն անջատեցին

PanARMENIAN.Net - ԱԺ նիստի մեկնարկից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցեր ուղղեց գազի գնի բարձրացման վերաբերյալ:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ հասարակությունը շատ բուռն արձագանքեց գազի գնի բարձրացմանը. «Պարոն Աբարահամյան, դուք որպես ԱԺ նախագահ, ի՞նչ եք ձեռնարկելու, որ այդ թանկացումը տեղի չունենա, այլ ոչ թե սուբսիդավորվի գազը: Արդյո՞ք դուք էլ եք կողմանկից, որ գազի գինը բարձրանա»:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին ԱԺ-ում հանդիպում կլինի վարչապետի, էներգետիկայի նախարարի հետ, կփորձեն հասկանալ ինչ կարելի է անել: «Գազը ապրանք է, ներկրվում է դրսից, այն իր գինն ունի, իսկ մեր իշխանությունները չեն կարող միանձնյա բարձրացնել կամ իջեցնել այն: Քննարկումներ են անցկացվում, որ հնարավորինս ցածր գնով ներմուծվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Չե՞ք կարծում, որ մեր արտաքին դիվանագիտության պատճառով է գազը թանկանում: Այստեղ ռուսական ռազմաբազային անվճար հողատարածքներ տալու որոշում կայացվեց, չե՞ք կարծում, որ սա ձեր բացթողումն է, որ չկարողացան մեր պետական շահն առաջ մղել, մենք ունենք ապրանք, անվճար տվեցինք, իսկ Ռուսաստանն իր ապրանքը՝ գազը, մեզ վրա ցանկանում է վաճառել նման գնով: Չե՞ք կարծում որ ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով է այդպես ստացվել»:

«Ոչ, չեմ կարծում»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:

Քիչ անց Զարուհի Փոստանջյանը նորից ձայնի իրավունք ստացավ: «Այսօրվա տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, ՀՀ-ում գործող ՀՀԿ-ի ապաշնորհ քաղաքականության հետևանքն են, կոչ եմ անում մեր քաղաքացիներին չհանդուրժել այդ ապաշնորհ քաղաքականությունը և ընդվզել դրա դեմ»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը: Նա դեռ չէր ավարտել ելույթը, երբ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ընդհատեց ու հորդորեց խոսել օրակարգի շրջանակներում: ՀՀԿ-ի և «Ժառանգության» պատգամավորները շարունակեցին զուգահեռ խոսել, ինչից հետո Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատվեց:

Քիչ անց Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ ձայնի իրավունք ստացավ. «Պարոն Աբրահամյան, չե՞ք կարծում, որ պետք է օրենսդարական փոփոխության առաջարկ արվի և ռուսական ռազմաբազաներին անհատույց տրամադրված հողատարածքների շահագործումը դառնա վճարովի, որպեսզի մենք էլ մեր շահը առաջ մղենք, ինչպես Ռուսաստանը գազի գնի դեպքում»:

Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին առաջարկեց չշտապել, մինչև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև բանակացությունները կավարտվեն. «Արդյունքներից հետո գրավոր առաջարկ ներկայացրեք, մենք կքննարկենք»:

 Ուշագրավ
---