Ա.Մարտիրոսյանը պատասխանում է Ա.Աշոտյանին. 91-ից հետո գրեթե 1,5 մլն մարդ է արտագաղթել

Ա.Մարտիրոսյանը պատասխանում է Ա.Աշոտյանին. 91-ից հետո գրեթե 1,5 մլն մարդ է արտագաղթել

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը, թե իրենք լավ են սերտել Առաջին Հանրապետության դասերը և դափնիների չեն հավակնում:

Ֆեյսբուքյան իր էջում Արմեն Մարտիրոսյանը գրել է. «Դաշնակցությանը չպաշտպանելով հանդերձ, նշեմ`

1. Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Մեծ Եղեռնից հետո, Առաջին աշխարհամարտի ընթացքում, երբ նույնիսկ Արարատյան գավառում հայերը բնակչության գրեթե կեսն էին:

2. Ըստ էության զրոյական վիճակից ստեղծեցին շատ կառույցներ` այդ թվում նաև Համալսարանը:

3. Ղեկավարությունը այնուամենայնիվ տեսնելով թե ինչ իրավիճակ է, իշխանությունը զիջեց Սովետներին` ժողովրդի կոտորած թույլ չտալու համար:

4. Վերջապես, իրենց ապրելակերպով և արժեքներով այն ժամանակի ղեկավարները համեմատվելու եզր չունեն Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների հետ: Համեմատեք Ա.Մանուկյանին` Լ.Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս.Սարգսյանի հետ:

5. Առաջին Հանրապետության տարիներին բնակչության թիվը չնայած սովին և հիվանդություններին աճել է, իսկ 91-ից հետո գրեթե 1,5 մլն մարդ է արտագաղթել»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և պատասխանելով ՀՅԴ պատգամավորների քննադատություններին հայտարարեց. «Ի գիտություն ՀՅԴ պատգամավորների քննադատությունների՝ թե զգում են ՀՀԿ-ի մոտալուտ անկումը, հույս չունենան։ Մենք լավ ենք սերտել Առաջին Հանրապետության դասերը և ձեր դափնիներին չենք հավակնում»:

 Ուշագրավ
---