Քաղաքագետը` Լավրովի ձևակերպման մասին. Ցանկալի կլիներ, որ ռազմավարական դաշնակիցն ավելի նուրբ արտահայտվեր

Քաղաքագետը` Լավրովի ձևակերպման մասին. Ցանկալի կլիներ, որ ռազմավարական դաշնակիցն ավելի նուրբ արտահայտվեր

PanARMENIAN.Net - Հայկական կողմը պետք է շարունակի բարձրացնել բանակցային գործընթացում ԼՂ մասնակցության հարցը, որովհետև հակամարտության կարգավորման գործընթացին այս փուլում նոր խթան է պետք: Կարծիքը քաղաքագետ Նարեկ Գալսյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ընդգծեց նաև, որ բանակցությունների գործընթացում բովանդակային մասով փոփոխություն չկա` նոր առաջարկներ ու գաղափարներ չեն ներկայացվել, բայց համանախագահները պատրաստ են օգտագործել հարմար առիթը՝ բանակցային գործընթացի տեմպը վերականգնելու, նոր խթան տալու համար: «Այդպիսի խթան կարող է լինել պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը, իսկ վճռական խոսքն ավելի կմոտեցնի վերջանկետին»:

Իսկ չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքները վերջնական չեն և հաշտության պայմանագրում պարտադիր չէ դրանց բոլորի ներառումը. հիշեցրեց քաղաքագետն ու ավելացրեց. «Հայկական կողմը , արտգործնախարարի, փոխարտգործնախարարի մակարդակով միշտ նշել է այս մասին: Դժվար է պատկերացնել տարածքներ զիջելու հարցը: ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, Արցախի անվտանգությունը պետք է ստանա միջազգային երաշխիք»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի`Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ, հակամարտության մասին վերջին հայտարարությանը` Նարեկ Գալստյանը նշեց, որ այն արտառոց չէր, բայց. «Ցանկալի կլիներ, որ ռազմավարական դաշնակիցն ավելի նուրբ արտահայտվեր»: Քաղաքագետն ավելացրեց, որ Ռուսաստանը փորձում է ակտիվացնել միջնորդի իր գործառույթը:

Ս. Լավրովը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ԼՂ մասին տվել է «ադրբեջանական տարածքներ» ձևակերպումը: Նա նշել է, որ ստատուս-քվոի պահպանումն անընդունելի է ՌԴ համար, քանի որ հարևան և բարեկամ երկրների միջև առկա է երկարատև հակամարտություն, իսկ Կովկասում կայունությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

 Ուշագրավ
---