Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ռումինիան ներկայացնող Անդրեյ Իոնիցան

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ռումինիան ներկայացնող Անդրեյ Իոնիցան

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացել է Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացել են Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։ Սահմանվել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ։

Մրցույթի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, իր խոսքում կարևորելով փառատոնի անցկացումը տաղանդավոր երիտասարդների ճանապարհ հարթելու գործում, նշել է, որ հաղթողը՝ Անդրեյ Իոնիցան, հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ է հանձնել Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին ևս հրավիրել է մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը շատ բարձր է գնահատել խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարևորել է նաև ժյուրիի անաչառ և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել էր հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այն շնորհվել է Լևոն Առաքելյանին (Հայաստան): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվել է Արմեն Բաբախանյանին և Արթուր Ավանեսովին:

ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ սահմանել էր հատուկ մրցանակ երկու հայ մասնակցի` Հակոբ Աթյանի և Միքայել Նավասարդյանի համար, որոնք 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում կմեկնեն ԱՊՀ երկրներ հյուրախաղերի:

Արամ Խաչատրյան տուն թանգարանը, ըստ ավանդույթի, սահմանել էր մրցանակ Արամ Խաչատրյանի սոլո սոնատի լավագույն կատարման համար: Այն հանձնվել է Անդրեյ Իոնիցային (Ռումինիա):

Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված էր երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը, մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, և անցկացվել է 3 փուլով։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---