Մոլդովացի փաստաբանն ԱԺ-ում փորձեց ադրբեջանական քարոզչություն անել. ԱԺ փոխխոսնակն ու Լիտվայի ՄԻՊ-ը միջամտեցին![]() 4 հուլիսի 2013 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովին Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանի խորհրդարանում Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հանդես եկավ հակահայկական ելույթով, որը ադրբեջանական ստահոտ քարոզչություն էր հիշեցնում: «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- հայտարարեց նա ու հավելեց,- «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Փաստաբանի ելույթից հետո համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների մի մասը ծափահարեցին։ Նրա կեղծ հայտարարություններին պատասխանելու համար արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հորդորեց չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար։ «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման։ Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ Ես գտնում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը։ Աուրելիա Գրիգորիուն արձագանքեց, որ իր ելույթով ուղղակի ցանկանում էր ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ «Ես չեմ պատրաստվում խորանալ հակամարտության մանրամասների մեջ, ես ուզում եմ ուղղակի ասել, որ անընդունելի է սառեցված հակամարտությունների տարածքներում ոտնահարել մարդու իրավունքները»,- ասաց նա: Փաստաբանը նշեց, որ ինքը որևէ մեկի պատվերը չի կատարում, իր աշխատանքն է անում և պայքարում է մարդու իրավունքների համար։ Ելույթին միջամտեց Լիտվայի Մարդու իրավունքների պաշտպանը: Նա նշեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ մոլդովացի փաստաբանը խոսեր Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, այլ ոչ թե անդրադառնար ղարաբաղյան հակամարտության պատմությանը։ «Սա այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի այս հարցն, ավելին՝ այն պետք է քննարկի մի երկրի ներկայացուցիչ, որ որևէ կապ չունի այս հիմնախնդրի հետ»,- ասաց նա և առաջարկեց դադարեցնել հարցի քննարկումը։ Նիստը նախագահող Դավիթ Հարությունյանն այլևս հնարավորություն չտվեց Մոլդովայի խորհրդարանի փաստաբանին արձագանքել իր հասցեին հնչած դիտողություններին և նշեց, որ այս հարցի քննարկման շարունակությունը երկար երկխոսության կվերածվի։ «Հարգանք ունեցեք, դուք արտահայտվեցիք, նաև լսեցիք ձեր գործընկերների կարծիքն, այսքանով սահմանափակվենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ միջադեպին, ու նշեց. «Ապատեղեկատվություն տարածող նման ելույթները մեզ համար արդեն սովորական են դարձել, ցավոք դահլիճում եղան մարդիկ, ովքեր ծափահարեցին այդ ելույթին»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |