Քաղաքագետ. Իրանի քայլերը ճիշտ հաշվարկված են և ուղղված են ազգային շահերի պաշտպանությանը

Քաղաքագետ. Իրանի քայլերը ճիշտ հաշվարկված են և ուղղված են ազգային շահերի պաշտպանությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի հարաբերությունները պետք է հասցնել նոր` ավելի բարձր մակարդակի, ասում են երկու երկրների նախագահները: Թե կոնկրետ ինչ նկատի ունեն պաշտոնական Թեհրանն ու Երևանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը դժվարանում է ասել, քանի դեռ նախագահները մեկնաբանություններ չեն արել: Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին այսօրվա հանդիպմանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչը քաղաքագետի բնորոշմամբ փակագծերում է մնում և հայտնի չէ, թե ինչի մասին են նրանք խոսել: Սակայն այս համատեքստում Սերգեյ Շաքարյանցը հիշեցնում է օրերս հրապարակված տեղեկությունները Հորադիզ–Ասլանդուզ ադրբեջանաիրանական անցակետի բացման վերաբերյալ: «Հակամարտության գոտում նման անցակետի բացումն ուղղակի ուղերձ է Իրանի կողմից ՀՀ իշխանություններին ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի համատեքստում, քանի որ հիմա ԵՄ-ն միացել է ԱՄՆ վարած հակաիրանական քաղաքականությանը: Իրանը լավ փորձ ունի կիսաակնարկներով հասկացնելու իր վերաբերմունքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել, որ Իրանի քայլերը ճիշտ հաշվարկված են և ուղղված են Իրանի ազգային շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե ինչ-որ երրորդ կողմի թելադրանք են: «Ոչինչ փոխկապակցված չէ Իրան-Ադրբեջան, Իրան-Արևմուտք և Իրան-Ռուսաստան հարաբերությունների հետ»,- ասաց նա:

Ավելացնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը: Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---