Մոսկվան կարող է փոխել դիրքորոշումը, եթե հասկանա, որ Ասադը խարդախություն է անում

Մոսկվան կարող է փոխել դիրքորոշումը, եթե հասկանա, որ Ասադը խարդախություն է անում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը գտնում է, որ միայն 2-3 ամսից հնարավոր կլինի դատել, թե որքան գումար և ժամանակ կպահանջվի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համարը: Այդ մասին նա հայտարարել է այսօր Ստոկհոլմում՝ պատասխանելով հարցերին Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կազմակերպած «Գլոբալ ռազմավարական տեսություն» 10-րդ խորհրդաժողովի ընդլայնված նիստի ժամանակ:

«Գուցե 2-3 ամսից վերջնականապես պարզ դառնա, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, ինչ տեխնոլոգիաներ, որքան կարժենա: Բայց դեռևս ոչ ոք չի կարող կոնկրետ պատասխան տալ այդ հարցերին»,- ասել է Իվանովը՝ հավելելով, որ ինքը «պայծառատես չէ»:

Ըստ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի, սիրիական քիմիական զենքի ամբողջական պաշարների գտնվելու վայրը կպարզվի մեկ շաբաթվա ընթացքում: «Պետք է հասկանանք, որ Ասադը չի վերահսկում Սիրիայի ամբողջ տարածքը: Մենք դեռ չգիտենք, թե աշխարհագրական առումով որտեղ է գտնվում քիմիական զենքի ամբողջ պաշարը: Կարծում եմ, սա պարզ կդառնա մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:

Իվանովը նշել է, որ սիրիական հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, սակայն պետք է մտածել, թե ուր են գնալու այնտեղ կռվող մարդիկ, այդ թվում ահաբեկիչները: «Նրանք չեն անհետանա, նրանք շարունակելու են զենք կիրառել»,-ասել է Իվանովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», Իվանովը նշել է, որ տեսականորեն ՌԴ-ն կարող է փոխել իր դիրքորոշումը սիրիական խնդրի վերաբերյալ, եթե հասկանա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խարդախության է դիմում: «Ես հիմա տեսականորեն եմ խոսում, սակայն եթե վստահություն առաջանա, որ Ասադը խարդախություն է անում, մենք կարող ենք փոխել մեր դիրքորոշումը»,- ասել է Իվանովը:

Միևնույն ժամանակ ռուս դիվանագետն առաջարկել է մտածել ևս մեկ ենթադրյալ սցենարի մասին՝ եթե պարզվի, որ քիմիական զենք կիրառել է և Դամասկոսը, և ընդդիմությունը: «Պատկերացնում եմ, այն ժամանակ ինչ է անելու համաշխարհային հանրությունը»,-հավելել է նա:

Անդրադառնալով այն փաստին, որ Սիրիայում կռվող գրահայինների թվում նաև ՌԴ քաղաքացիներ կան՝ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը դա երբեք չի ժխտել՝ նշելով, որ իր համար անակնկալ էր իմանալ, որ գրոհայինների թվում կարող են նաև Ուկրաինայի քաղաքացիներ կռվել:

ՌԴ ԱԴԾ առաջին փոխտնօրենը նախօրեին հայտարարել էր, որ Սիրիայում մոտ 300-400 վարձկան կա Ռուսաստանից, կան վարձկաններ նաև Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից ու Ուզբեկստանից:

Ավելի վաղ Բաշար Ասադը հայտարարել էր, որ քիմիական զենքի ոչնչացման համար առնվազն 1 մլրդ դոլար կպահանջվի և մեկ տարի: Գերմանիան արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցելու տեխնիկական և նյութական միջոցներով:

Մինչ այդ Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---