Հայաստանի դեմ ռազմական հարվածի դեպքում «ՀԱՊԿ նորմերը գործի կդրվեն», այն է՝ ՀԱՊԿ երկրները կօգնեն Երևանին

Հայաստանի դեմ ռազմական հարվածի դեպքում «ՀԱՊԿ նորմերը գործի կդրվեն», այն է՝ ՀԱՊԿ երկրները կօգնեն Երևանին

PanARMENIAN.Net - Հայաստանի, որպես ՀԱՊԿ անդամի վրա, տարածվում են ՀԱՊԿ Կանոնադրության բոլոր դրույթները և Հայաստանի դեմ ռազմական հարվածի դեպքում այդ նորմերն, անկասկած, գործի կդրվեն: Այդ մասին հայտարարել է Կասպից համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի հրապարակային զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցը կոչվում է «ՀԱՊԿ-ն ու Եվրասիայի անվտանգությունը» և ներկայացվել է Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ձևաչափով: Այսպես է նա մեկնաբանել Ադրբեջանի կողմից մշտապես հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին: Միխեևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը ներկայանում է որպես անկախ պետություն, ոչ թե որպես Հայաստանի մաս: Որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, ուստի, նրա վրա չի տարածվում ՀԱՊԿ իրավասությունը, հավելել է նա, հայտնում է Armenia Today-ը:

Իր հերթին Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևն անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ նշելով, որ, ըստ բազմաթիվ փորձագետների, Հայաստանը դա անում է ռազմավարական նկատառումներով: «Հայաստանի համար ՀԱՊԿ-ում անդամակցության փաստն արդեն և ՀԱՊԿ հավասարակշռող դերը Հարավային Կովկասում հսկայական արժեք են, ուստի, ինչպես գտնում են փորձագետները, դա հաշվի առնելով էլ կայացվել է որոշումը»,-ասել է նա:

«Ես գտնում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում հավասարակշռված են ընդունվում անվտանգությանն առնչվող հարցերը, և ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև հոգևոր ինքնիշխանության ու ՀԱՊԿ բոլոր պետությունների ազգամիջյան համաձայնության ոլորտներում»,-ասել է ՀԱՊԿ Քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության խորհրդատու, Վերլուծական ասոցիացիայի համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Հղումներ թեմայով.
ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:

ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:

2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
---