Քաղաքագետը վստահ չէ, որ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, կասկածելի համարելով նաև միության ապագան

Քաղաքագետը վստահ չէ, որ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, կասկածելի համարելով նաև միության ապագան

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը, քանի որ շեմին լուրջ խնդիրներ են առաջանում, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես կասկածում եմ, որ Հայաստանն առաջիկայում կանդամակցի Մաքսային միությանը: Ես լուրջ կասկածներ ունեմ, կանդամակցի ընդհանրապես, թե ոչ: Ավելին, ես վստահ չեմ, որ ՄՄ-ն գոյություն կունենա 5 տարի անց»,-հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, Մաքսային միության նախագիծը շատ երկար է ձևավորվել, «այդտեղ կիլոգրամներով փաստաթղթեր» կան և սեղմ ժամկետում Հայաստանի միացումն այդ կառույցին գործնականում անհնար է:

«ՄՄ-ին անդամակցող պետությունների տնտեսական շահերը տարբեր են: Օրինակ, Ղազախստանն ու Ռուսաստանը պետք է փակեն իրենց տնտեսությունները, իսկ Բելառուսն ու Հայաստանը՝ հակառակը: Ուղղակի վերցնել ու անդամակցել այդպիսի կառույցի անհնար է»,-ասել է նա:

Քաղաքագետը նշել է, որ ՄՄ ներսում արդեն իսկ խնդիրներ կան, որոնք, հնարավոր է, այնքան խորանան առաջիկայում, որ «Հայաստանի անդամակցության հարցն արդեն ետին պլան կմղվի»:

«Անշուշտ, եթե քաղաքական կամք դրսևորվի, Հայաստանին անդամ կկոչեն: Սակայն այսպես թե այնպես Հայաստանի լիարժեք անդամակցությունը ՄՄ-ին դեռ հնարավոր չի թվում»,-հավելել է նա, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Խորհրդի նիստում ներկայացվել և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում: Անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած Վրաստանի նախագահի ընտրություններին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ նոր հնարավորություններ են բացվում հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար:

Հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոլիացիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

«Սահակաշվիլիի օրոք Վրաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում էր ոչ թե Թբիլիսիում, այլ Վաշինգտոնում: Այն ժամանակ Վրաստանի հետ խոսելն անօգուտ էր: Հիմա նոր հնարավորություն է առաջացել»,-ասել է Իսկանդարյանը:

Ըստ նրա, «շատ բան կարող է Հայաստանի միջոցով արվել», հատկապես, եթե Թբիլիսին մտադիր է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Վրաստանի իշխանություններն արդեն հայտարարել են Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին: Կարծում եմ, դա տեղի կունենա առաջիկա տարիներին»,-հավելել է նա:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---