Դավութօղլուն Երևան է գալիս, նախագահը նրան չի հանդիպելու (թարմացված)

Դավութօղլուն Երևան է գալիս, նախագահը նրան չի հանդիպելու (թարմացված)

PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական գործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության աշխատանքին մասնակցելու նպատակով Ահմեդ Դավութօղլուն գալիս է Երևան, բայց պաշտոնական Անկարան մեծ ակնկալիքներ չունի այդ այցից: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, դեռ կան շանսեր շարունակելու հայ-թուրքական երկխոսությունը:

«Այցը ջրբաժան կդառնա, քանի որ չորս տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ձախողումից հետո դա կլինի Դավութօղլուի առաջին այցն Երևան: Աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ մինչ օրս պարզ չէ, ադյոք Դավութօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումը ՍԾՏՀ նիստի հետնաբեմում կկայանա, թե՝ ոչ»,- գրում է պարբերականը:

«Չենք մեկնում այնտեղ կոնկրետ առաջարկով»,- ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, առ այն, որ Թուրքիան կարող է առաջարկ ներկայացնել հայկական կողմին սահմանի բացման դիմաց: «Բացի այդ, նման առաջարկը կլիներ վաղաժամ ու սխալ: Այնուամենայնիվ, եթե երկկողմ հանդիպում լինի, կբացատրենք մեր տեսլականը տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, այդ թվում նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հետո արդեն կարող են ինչ-որ քայլեր հաջորդել»,- հավելել է նա:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Նախարարը մեկնում է Երևան ՍԾՏՀ շրջանակում: Հուշարձան այցելելը նրա ծրագրի մեջ չի մտնում»,- ասել են ԱԳՆ-ում:

Ինչպես twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, Թուրքիայի արտգործնախարարն այցի ընթացքում չի հանդիպի նաև Սերժ Սարգսյանին:

Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է փոխնախարարը: Ըստ Շավարշ Քոչարյանի, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,- ասել է Քոչարյանը:

2009 թ. ապրիլին Երևանում ՍԾՏՀ գագաթաժողովին Թուրքիան ներկայացնում էր ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերություններն Երևանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով և 1993 թ. փակել է հայ-թուրքական սահմանը:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---