ՊՆ պատասխանը Բաքվին. Հայաստանի ԶՈւ գործողությունները կլինեն կանխարգելիչ և խիստ

ՊՆ պատասխանը Բաքվին. Հայաստանի ԶՈւ գործողությունները կլինեն կանխարգելիչ և խիստ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերը: Ինչպես ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում, նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը՝ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այս ամբողջ ընթացքում հայկական կողմը չի արձակել ոչ մի կրակոց:

«Դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը զոհվել է դեկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի գնդակոծության արդյունքում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը գտնվում են Բաքվում, որտեղ արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում ավարտելով բանակցությունները՝ նրանք ժամանելու են Երևան:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերի հետ շփման գծում 2012 թվականի դեկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտվել է 914 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 170 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 6 անգամ՝ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:

Նոյեմբերին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ: Ադրբեջանն այդ ընթացքում 210 անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, մեկ անգամ՝ РПГ-7:

Հոկտեմբերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---