Նալբանդյանը հաստատել է` Մամեդյարովին կհանդիպի հունվարի երկրորդ կեսին Փարիզում

Նալբանդյանը հաստատել է` Մամեդյարովին կհանդիպի հունվարի երկրորդ կեսին Փարիզում

PanARMENIAN.Net - Հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Պերուի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրել է հայ-պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ գործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Trend գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հաջորդ շաբաթ կհանդիպեն Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ, հայտնում է «Թրենդը» դիվանագիտական աղբյուրի վրա հղումով: Ըստ տեղեկատվության, հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»:

Համանախագահները «մտահոգություն էին հայտնել սահմանին բռնության վերջին դեպքերի վերաբերյալ, որոնք խարխլում են խաղաղության հաստատման հեռանկարները»: Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել էին Հայաստանի, ԼՂՀ ու Ադրբեջանի նախագահներին:

Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում խորհրդակցությունների ժամանակ զրուցակիցները խոսել էին ղարաբաղյան բանակցությունների առաջխաղացման համատեքստում նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման, ինչպես նաև դեկտեմբերի 4-ին Կիևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---