Freedom House-ն Արցախն ու Հայաստանը «մասամբ ազատ» երկրներ է ճանաչել. Ադրբեջանը «ոչ ազատ» է

Freedom House-ն Արցախն ու Հայաստանը «մասամբ ազատ» երկրներ է ճանաչել. Ադրբեջանը «ոչ ազատ» է

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունները, հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2014» ամենամյա զեկույցը, որտեղ ամփոփել է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում և 14 չճանաչված պետությունում: Ըստ զեկույցի, Արցախը, ինչպես և նախորդ տարի, երկու ցուցանիշով էլ արժանացել է 5 միավորի և կրկին «մասամբ ազատ» երկիր անվանվել, ինչպես նաև Հայաստանը, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ ծառայությունից: Այս շարքում է նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանը Հարավային Կովկասում ժողովրդավարական ազատությունների հետընթաց է արձանագրել՝ քաղաքացիական ազատությունների միավորն այս երկրի համար 5-ից իջեցվել է 6-ի: 2012-ի համեմատ միջազգային իրավապաշտպանները Հայաստանում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ազատությունների ոչ էական հետընթաց և ոչ էլ առաջընթաց են արձանագրել:

«Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների վարկանիշն իջել է 6-ի՝ պայմանավորված կառավարության կողմից քաղաքացիների մասնավոր սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներով: Պետությունը ճնշել և հետապնդել է ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը նախագահական ընտրություններից առաջ»,- ասված է զեկույցում: Բաքվում արդեն մեկնաբանել են զեկույցը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Ալման Աբդուլաևի խոսքով, Freedom House-ն իր զեկույցում նշել է «Ադրբեջանի տարածքում պաշտոնական Երևանի ստեղծած սեպարատիստական կարգը, որը ներառվել է գնահատման վարկանիշում»:

«Դա խոսում է կազմակերպության կողմնակալության մասին, ինչը պատկերավոր ցույց է տալիս, որ նրանք անտարբեր են ադրբեջանցիների ողբերգության հանդեպ, ու իրականում ուզում են ճնշում գործադրել»,- Աբդուլաևի հայտարարությունն է փոխանցում SalamNews-ը:

Freedom House-ն աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն)՝ 7-ը (նվազագույն) միավորների սանդղակով, գրում է Panorama.am-ը:

Զեկույցում պետությունները դասակարգվում են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» խմբերում՝ 1-ից 7 միավորով գնահատելով աշխարհի երկրներում քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները: 1 միավորը լավագույն ցուցանիշն է, 7-ը՝ վատագույնը:

Այդ չափանիշով կազմակերպությունն աշխարհում 2013-ին ժողովրդավարության անկում և ավտորիտարիզմի աճ է արձանագրել: Այսպես՝ աշխարհի 195 պետությունից 88-ը «ազատ» երկրների շարքում են, որը կազմում է աշխարհի պետությունների 45%-ը՝ երկրագնդի 2.8 միլիարդ բնակչությամբ: 2012-ի համեմատ «ազատ» պետությունների թիվը նվազել է 2-ով՝ Սիերա Լեոնե և Ինդոնեզիա:

«Մասամբ ազատ» երկրների ընդհանուր թիվը 59 է՝ աշխարհի պետությունների 30%-ը՝ 1,8 միլիարդ բնակչությամբ: 2012-ի համեմատ «մասամբ ազատ» պետությունների թիվն ավելացել է մեկով՝ Մալի: Իսկ մնացած 48 պետության գնահատել են «ոչ ազատ». դրանք աշխարհի պետությունների 25%-ն են կազմում՝ 2,5 միլիարդ բնակչությամբ, որոնց կեսից ավելին ապրում է մեկ երկրում՝ Չինաստանում: «Ոչ ազատ» երկրների թիվը ևս ավելացել է երկուսով՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն ու Եգիպտոս:

«Freedom House»-ը ժողովրդավարական ազատությունների հետընթաց է արձանագրել Ռուսաստանում և Ղազախստանում: Զեկույցի հեղինակները պնդել են, որ այդ միտումը կա նավթա-գազային պաշարներով հարուստ երկրներում, և միաժամանակ նկատել, որ միջազգային հարաբերություններում գործում են երկակի չափանիշներ, երբ ածխաջրածնային պաշարներ ունեցող երկրների հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը զգուշավոր է, իսկ նման բնական հարստություններ չունեցող այլ երկրների հանդեպ վերաբերմունքն անհամեմատ ավելի խիստ է: Զեկույցում նշվում է, որ Եվրասիայի տարածաշրջանում 2013-ի գլխավոր զարգացումն Եվրամիության և հետխորհրդային երկրների հետ ասոցացման համաձայնագրերի կնքման կասեցմանն ուղղված Ռուսաստանի ակտիվ գործողություններն են: Ու հենց այդ համատեքստում էլ զեկույցի հեղինակներն անդրադարձել են Հայաստանին և Վրաստանին:

Ասվում է, որ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից Ռուսաստանի կողմից սպառնալիքների և միաժամանակ խրախուսական պարգևների գործադրման հետևանքով, իսկ Վրաստանի հետ կապված դրական է գնահատվել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Ընդհանուր առմամբ աշխարհում ժողովրդավարական ազատությունների հետընթացը «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը պայմանավորել է մասնավորապես ԱՄՆ-ի միջազգային դերակատարության թուլացմամբ: Կազմակերպությունը կարևորել է ԱՄՆ-ի ակտիվ գործողությունները աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության հարցում:

Կազմակերպության նախորդ զեկույցում քաղաքական իրավունքների առումով Հայաստանն առաջընթաց էր գրանցել՝ ստանալով 5 միավոր, իսկ քաղաքացիական ազատություններում` 4 միավոր:

Ադրբեջանը ոչ ազատ երկրների շարքում էր` քաղաքական իրավունքներով 6, քաղաքացիական ազատություններով՝ 5 միավոր էր ստացել: Վիճելի տարածքներ» խմբում ներառված Լեռնային Ղարաբաղը նախորդ տարի ևս «մասամբ ազատ» երկիր էր ճանաչվել` քաղաքական իրավունքների համակարգում գնահատվեով 5 (առաջընթաց էր գրանցել), քաղաքացիական ազատություններով՝ 5 միավորով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---