Բաքվում վստահ են, որ Վրաստանը հայկական լոբբիի ազդեցության տակ է

Բաքվում վստահ են, որ Վրաստանը հայկական լոբբիի ազդեցության տակ է

PanARMENIAN.Net - Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) իր գոյությունն արդարացնելու համար այլ բան չկարողանալով հորինել` օրերս նամակ է գրել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Պարզ է՝ նամակը հայերի մասին էր, ավելի ճիշտ հայկական լոբբիի ազդեցության մասին Վրաստանի հասարակական-քաղաքական կայնքի վրա: Հայտարարության հեղինակները հորդորում են Վրաստանի կառավարությանը կողմնորոշվել, թե ում կողմից են նրանք՝ Հայաստանի թե Ադրբեջանի՝ շեշտելով, որ ադրբեջանցիները Վրաստանում բազմաչարչար կյանքով են ապրում, որոնց խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: «Տեղական իշխանությունների պաշտոնյաներից շատերը հայկական լոբբիի ազդեցության տակ են գտնվում: Ադրբեջանական բնակավայրերը վերանվանվում են վրացականի»,-ասվում է հայտարարության մեջ: Դիտարկումն, առնվազն, կասկածելի է. դե եթե հայերը ազդեցության այդքան լծակներ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ բնակավայրերը հայեցի անուններ ստանային, ոչ դե վրացական: Սակայն ՂԱԿ-ը ակնհայտորեն դա համարում է «հայկական լոբբիի գաղտնի մտադրությունը». հետագայում վրացական գյուղերին հնարավոր կլինի հայկական տեղանուններ տալ:

Ուղղակի հաճույք ես ստանում նման «հայտարարություններն» ընթերցելիս. երբեք չգիտես` ուր կտանի Ակիֆ Նաղիի «պայծառ» միտքը, որը ՂԱԿ ղեկավար լինելով, ոչ մի անգամ չի եղել Ղարաբաղում և շատ աղոտ է պատկերացնում, թե ինչ տեսք ունի զենքը: Այնուհետև դիմումի հեղինակները հայտարարում են, թե «Վրաստանում հայ ազգայնամոլները շատ ազատ հակաադրբեջանական քաղաքականություն են վարում և տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիների հարցում կառավարության քաղաքականությունը որոշում է հայկական լոբբին Առնոլդ Ստեփանյանի գլխավորությամբ»: Ի դեպ, տարբեր պետություններին մեղադրել, ասելով թե նրանք գտնվում են հայկական լոբբիի ազդեցության տակ, առնվազն անհարգալից է այդ պետությունների հանդեպ: Իսկ ըստ Ադրբեջանի, դրանց քանակը քիչ չէ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, հիմա էլ Վրաստանը:

ՂԱԿ-ը թվարկում է այն ամենն, ինչ մտադիր է անել Վրաստանի կառավարությունը, մասնավորապես, շուկա բացել Թեկալի գյուղի մոտ, ևս մեկ ճանապարհ կառուցել դեպի Հայաստան, «սխալ» զատել հայ-վրացական սահմանը: Ճիշտ է, ուղերձում ասվում է, որ «հեղինակները հեռու են Վրաստանի ներքին գործերին միջամտելու ցանկությունից և կողմ են իրական բարեկամական հարաբերություններին Ադրբեջանի ու Վրաստանի միջև»: «Վրաստանն ու վրացիներին մենք միշտ բարեկամ ենք համարել, սակայն երկու հարևան երկրների բարեկամությունը սպառնալիքի տակ է: Ադրբեջանն, ի հեճուկս Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, միշտ սատարել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, սակայն Վրաստանի կառավարությունը «սիրախաղ է» սկսել Հայաստանի հետ»:

Այս հայտարարությունը, ինչպես և բազում այլ հայտարարություններ, հավանաբար այդպես էլ կմնա ադրբեջանական ԶԼՄ-ներում որպես նմուշ՝ թե ինչպես չի կարելի հայտնել սեփական դիրքորոշումը: Բայց, Բաքվում, հավանաբար, այլ կերպ չեն կարող: Այս հարցում մեկ բան է հետաքրքիր. ո՞վ է կարդում այս բոլոր հայտարարություններն, անշուշտ, հեղինակներից ու լրագրողներից բացի: Հավանաբար, Վրաստանի նախագահն ինքը կարող է որոշել ինչ անել և հայերն այս դեպքում մտադիր չեն որևէ բան նրան հուշել, ի տարբերություն ադրբեջանցիների: Սակայն, ՂԱԿ-ին և այլոց հարկավոր է հիշեցնել, որ Մարգվելաշվիլին այժմ Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելով է զբաղված և վերջինիս հիշատակումը հայտարարության մեջ այնքան էլ կոռեկտ չէ՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի պարագայում: Եվ իհարկե Ադրբեջանի համար նույնպես:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---