Ռուսաստանում նոր օրինագիծ են մշակել` առաջարկվում է 10 մլն ռուբլով վաճառել ՌԴ քաղաքացիությունը

Ռուսաստանում նոր օրինագիծ են մշակել` առաջարկվում է 10 մլն ռուբլով վաճառել ՌԴ քաղաքացիությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունն օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք մինչև 10 մլն ռուբլի են ներդրել ՌԴ էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև ՌԴ քոլեջներն ու բուհերն ավարտած օտարերկրացի շրջանավարտներին, որոնք առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում, գրում է «Կոմերսանտը»:

«ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 14 հոդվածի ուղղումները, որոնք առնչվում են քաղաքացիության տրամադրման պարզեցված կարգին, արդեն քննարկվել են կառավարությունում և, հավանաբար, շուտով կներկայացվեն ՌԴ Պետդումայում: Ինչպես ասվում է բացատրական գրությունում, ուղղումները մշակվել են 2012-2015 թթ. պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում: Ըստ դրա, խնդիրներից մեկը «տարբեր մասնագետների, ձեռնարկատերերի ու ներդրողների վերաբնակեցումն է մշտական բնակության նպատակով, ինչպես նաև պահանջված մասնագիտություններ ունեցող երիտասարդների խթանումը»:

Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: Փաստաթուղթն առաջարկում է հաշվի առնել եվրոպական փորձը: Օրինակ, Ավստրիայում պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հավակնորդը պետք է առնվազն 6 մլն եվրո ներդնի երկրի տնտեսության մեջ, Բուլղարիայում՝ առնվազն 512 հազար եվրո գերակա ներդրման ոլորտում: ՌԴ քաղաքացիություն առաջարկվում է տրամադրել ավելի փոքր գումարի դիմաց: Օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել: Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

Նախագիծը չի օգնի այն գործարարներին, որոնք կարող են շահագրգռված լինել ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցում՝ այն ոչ մի արտոնություն չի տալիս պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար ձեռնարկատերի ընտանիքի անդամներին: Համաշխարհային չափանիշներով շատ էժան «ինվեստիցիոն քաղաքացիությունը» բավականին թանկ է դառնում, եթե ձեռներեցն իրապես մտադիր է ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան, քանի որ երեք անձից բաղկացած ընտանիքի համար դա կազմում է 900 հազար դոլար, ինչն արդեն համադրելի է ԵՄ «գների» հետ:

Մեկ այլ նորամուծությունը վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, որոնք 2002-ի հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն ենստացել և քաղաքացիության համար դիմելու պահին արդեն առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում:

2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտան միգրանտների մասին օրենքի ուղղումները: Ըստ դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օր անց կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Ինչպես հայտնում է Եվրասիական կոմունիկացիոն կենտրոնը, օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

Ըստ ՀՀ Պետական միգրացիոն ծառայության տվյալների, 2013-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի ԴՄԾ տեղական մարմիններում միգրացիոն հաշվառման է կանգնել 275 169 ՀՀ քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---