Կալիֆորնիայում Բիթլիսի հայերի մասին ցուցահանդես կբացվի

Կալիֆորնիայում Բիթլիսի հայերի մասին ցուցահանդես կբացվի

PanARMENIAN.Net - Հայկական հետազոտությունների ծրագիրն ու Ֆրեզնոյի համալսարանը Լոնդոնում գործող Կոմիտասի ինստիտուտի և Լեոն Փիթերսի հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում են «Հիշելով Բիթլիսի հայերին» խորագրով ցուցահանդեսը: Այն կգործի մարտի 30-ից մինչև ապրիլի 30-ը Հենրի Մադենի գրադարանում, գրում է Asbarez-ը:

Ցուցահանդեսում կներկայացվեն եզակի լուսանկարներ, Բիթլիսին առնչվող փաստաթղթեր ու քարտեզներ: Բացմանը ելույթ կունենա պատմաբան Արա Սարաֆյանը, որը ներկայացնում է Կոմիտասի ինստիտուտը: Նրա զեկույցը կոչվում է «Բիթլիսի և նրա շրջակայքի մասին. Ցուցահանդես նվիրված Բիթլիսի հայերին, որոնք ապրում էին Վանա լճի ափին»:

Մարտի 1-2-ին Կոմիտասի ինստիտուտն աջակցեց նաև «Բիթլիսի հայերը» ցուցահանդեսի բացմանը թուրքական Թաթվանում: Կոմիտասի ինստիտուտը 2013 թ. հունիսին հայերի, թուրքերի ու քրդերի շփումը հեշտացնելու նպատակով նախաձեռնեց «Կամուրջների հաստատում» ծրագիրը:

Ցուցահանդեսում ներկայացվելու են Բիթլիսի գավառին վերաբերող փաստաթղթերն ու լուսանկարները մինչև 1915 թվականը: Դրանք հայտնաբերվել են հետազոտությունների արդյունքում Հարվարդի համալսարանում, Նուբարյան արխիվում և օսմանյան վիզիրների արխիվներում:

Բիթլիսը նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։ Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ։

«Բաղէշ» անունն առաջին անգամ հանդիպում է Սեբեոսի «Պատմության» մեջ: Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։

1605 թ.-ին Բիթլիսի Ավդալ խանը արշավեց Սասուն, փորձեց վերացնել իր նախորդների՝ գավառին տված հյուքումեթության իրավունքները, սակայն ջարդվեց Սասունի մատույցներում։ Նա հարկադրված վերաճանաչեց Սասունի արտոնությունները, ֆերմանով պատվիրեց իր հաջորդներին՝ հարկ չվերցնել հայ իշխան Հոլոյի որդի Գաբով Արտցուց, Գորգե ամիրայից, լեռնային Սասնո հայ ու քուրդ բնակչությունից։ Այնուհետև Սասունը միայն ձևականորեն մնաց Բիթլիսի իշխանության կազմում։

XVII — XVIII դարերում Բիթլիսի քուրդ խանը (Շերեֆների տոհմից) տիրում էր Վանից մինչև Դիարբեքիր ընկած մի ընդարձակ երկրամասի, որի խաները հարկատու էին Շերեֆների տոհմին և պարտավոր էին իրենց զորքերով կռվել նրա դրոշի ներքո։ Սուլթանական կառավարության ռազմական հզորության թուլացման պատճառով Շերեֆները զորեղացել էին և գրեթե անկախացել Բարձր Դռնից․ իրենց կոչում էին ամիրաներ, պահում էին շուրջ 75 հազարանոց զորք և ունեին դրամ կտրելու իրավունք։

1849 թ.-ին թուրքական պետությունը, վերջնականապես ընկճելով Բաղեշի քրդական խանության դիմադրությունը, գրավեց քաղաքը, ավերեց բերդը, բազմաթիվ կառույցներ։ Բաղեշը այնուհետև վերածվեց համանուն վիլայեթի կենտրոնի։

Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ։ Տարածվում էր Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լեռները և մինչև Տիգրիս գետը։ Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհներին:

Եղեռնի նախօրեին նահանգի հայության թիվը հասնում Էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից։ Սրանք Էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ։ Թուրքերի կողմից հայերի ջարդը սկսվել է 1915 թ.-ի հունիսի 27-ից։ Կարճ ժամանակ անց Բիթլիսը հայաթափվել է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---