Էրդողան-Twitter դիմակայությունը շարունակվում է. Դատարանը մերժել է միկրոբլոգի արգելափակումը

Էրդողան-Twitter դիմակայությունը շարունակվում է. Դատարանը մերժել է միկրոբլոգի արգելափակումը

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանը չեղյալ է հայտարարել Twitter միկրոբլոգի արգելքի մասին որոշումը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը Hurriyet Daily News-ին հղումով, այսօր՝ մարտի 26-ին, որոշումը կայացրել է Անկարայի 15-րդ վարչական դատարանը:

Բողոքելով Twitter-ի արգելափակման վերաբերյալ որոշման դեմ՝ 15-րդ վարչական դատարան էին դիմել Թուրքիայի Իրավաբանների միությունը, Անկարայի իրավաբանների միությունը, Թուրքիայի լրագրողների միավորումը, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Օքթայ Վուրալը: Ըստ երկրի օրենքի, հեռահաղորդակցությունների նախարարությունը պարտավոր է անհապաղ կատարել դատական որոշումը:

Բացի այդ, նախարարությունն իրավունք ունի բողոքարկել որոշումը: Բողոքը կարող է ներկայացվել Տարածաշրջանային վարչական դատարան: Սակայն մինչ բողոք ներկայացնելը որոշումը պետք է կատարվի: Այլ խոսքերով, նախարարությունը կարող է խոչընդոտել օգտատերերի մուտքը սոցցանց: Այդպիսի որոշոմ կարող է ընդունել Տարածաշրջանային վարչական դատարանը, մինչ այդ մուտքը սոցցանց ազատ պետք է լինի:

Այսօր այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանը: Ավելի վաղ իր նախընտրական հեռուստաելույթում վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Twitter-ը չի ենթարկվում թուրքական դատարանների որոշումներին, ուստի երկրի իշխանություններն արգելափակել են այդ ռեսուրսը: Ըստ նրա, դա Թուրքիայի ներքին գործն է:

Մարտի 30-ին Թուրքիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մեկնաբանելով եվրոպական որոշ երկրների քննադատությունը՝ Էրդողանը հորդորել է ԵՄ-ին «սեփական գործերով զբաղվել»: «Այն, ինչ արել ենք, դա ներքին հարց է: Դրա համար կան դատարանի որոշումներ, ինչու է Եվրամիությունն անտեսում այլ երկրներում կատարվողը: Մեր դեպքում էլ նույն կերպ թող վարվեն, ինչպես մյուսների հետ»,-մեջբերում են վարչապետի խոսքը տեղական ԶԼՄ-ները:

Նա պարզաբանել է, որ Twitter-ում աքաունթների ու հաղորդագրությունների հեռացման տասնյակ ու հարյուրավոր հարցումներ են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից: Ըստ նրա, այդ պահանջների մեծ մասը կատարվում է:

«Թուրքիան ընդամենը երկու աքաունթ է ուզում փակել: Մենք դատական որոշումներ ենք ուղարկում սոցցանցին, բայց մեզ չեն լսում: Մեզ մնում է միայն արգելափակել ցանցը», -ասել է Էրդողանը: Ըստ վարչապետի, այն, որ դա մեղադրանքների պատճառ դարձավ Եվրամիության կողմից մարդու իրավունքները խախտելու վերաբերյալ, հիմնավորված չէ:

«Ինչ վերաբերում է ազատություններին, ապա մենք շատ առաջ ենք անցել Եվրամիության երկրների մեծ մասից: Տեղեկատվության այնպիսի ազատությոն, որը մենք ունենք, նրանցից շատերը չունեն: Մարդը կարող է որքան կարող է վիրավորել վարչապետին: Նրանց մոտ այդպիսի բան չես անի»,- գտնում է Էրդողանը: Ըստ Էրդողանի, նման իրավիճակներում եվրոպական երկրներում կառավարությունները օպերատիվ են գործել ու հասել են պատժամիջոցների այդպիսի անձանց դեմ:

Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիայում առաջիկայում ևս կոշտ է գործելու սոցցանցերի հարցում, եթե չկատարվեն դատական որոշումներն աքաունթների փակման մասին՝ շեշտելով, որ միջազգային հանրության արձագանքը նրան չի հետաքրքրում:

Նույն օրը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Twitter-ի ամբողջական արգելքի մասին Թուրքիայում խոսք լինել չի կարող: Ըստ նախագահի, եթե կան անձնական կյանքին միջամտության ապօրինի դեպքեր, կարող են փակվել միայն կոնկրետ էջեր, այն էլ դատարանի որոշմամբ:

Twitter-ի փակումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից մեկ օր անց բուռն արձագանք գտավ աշխարհում, հատկապես Եվրոպայում, որտեղ արտահայտվելու իրավունքը հիմնարար ազատություններից է:

Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասաց, որ լրջորեն մտահոգված է միկրոբլոգի փակմամբ, մինչդեռ պայքարել էր պետք կոռուպցիայի դեմ:

Եվրախորհրդարանում լիբերալ խմբի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամսդորֆը կոչ արեց կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Լամսդորֆը հայտարարեց, որ Էրդողանի հետ բանակցությունները շարունակելու կարիք չկա: Ինչպես գրում է Today's Zaman-ը, եվրապատգամավորը նշել է, որ խոսքի ազատությունը հիմնական եվրոպական արժեքներից է և բանակցությունները պետք է շարունակել միայն քաղաքացիական հասարակության հետ: Հանս Սվոբոդան, որը առաջադեմ Սոցիալիստների ու ժողովրդավարների միության առաջնորդն է, հայտարարել է, որ Էրդողանը կորցրել է իրականության զգացողությունը, և, որ տասնյակ միլիոնավոր օգտատերեր ունեցող սոցիալական մեդիաների փակումը Թուրքիայում ոչ այլ ինչ է, քան հարձակում խոսքի ազատության վրա:

«Պարոն Էրդողանին կարող է չհուզել, թե ինչ է մտածում իր մասին միջազգային հանրությունը, բայց միջազգային հանրությունը հոգ է տանում թուրք ժողովրդի իրավունքների մասին և ես խորհուրդ եմ տալիս նրան ընթերցել Թուրքիայի Սահմանադրության 26-րդ հոդվածը՝ ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը չի արդարացնում միլիոնավոր մարդկանց իրավունքների խախտումը»,- ասել է Սվոբոդան:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ արտահայտվելու ազատությունը ամրագրված է եվրոպական փաստաթղթերում, Թուրքիան բացառություն չի կարող կազմել, քանի որ հավակնում է անդամակցել Եվրամիությանը:

Իր դժգոհությունն ու պարսավանքն է հայտնել նաև ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ խոսքի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել բարեփոխել խոսքի ազատությանն ու Ինտերնետին վերաբերող օրենքները:

Twitter-ը Թուրքիայում փակելու համար չկա դատարանի որոշում, հայտնել է Ստամբուլի դատախազությունը, տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: Հաղորդագրությունն այն մասին, թե իբր Twitter-ն արգելափակվել է դատարանի որոշմամբ, չի համապատասխանում իրականությանը, նշել է գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---