ՌԴ սենատոր. ՄՄ-ին անդամակցումը կամրապնդի ՀՀ տնտեսությունն ու կբարձրացնի կենսամակարդակը

ՌԴ սենատոր. ՄՄ-ին անդամակցումը կամրապնդի ՀՀ տնտեսությունն ու կբարձրացնի կենսամակարդակը

PanARMENIAN.Net - Մաքսային միությանն անդամակցումը թույլ կտա հզորացնել Հայաստանի տնտեսությունն ու կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն՝ մեկնաբանելով Երևանում կայացած «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» տնտեսական համաժողովի արդյունքները:

«Տնտեսական համաժողովը նվիրված էր Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը,-նշել է սենատորը:-Բացեց միջոցառումը վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովն անցավ բարձր մակարդակով, նրա աշխատանքին մասնակցեցին ՀՀ նախարարներն ու առաջատար մասնագետները»:

Չերնիշենկոն նշել է, որ բոլոր հավաքվածները Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին կապեցին երկրի տնտեսության հզորացման հետ: Նա հավելեց, որ Մաքսային միությունը թույլ կտա վերացնել մաքսային տուրքերի հետ կապված խոչընդոտները: «Այդ ամենը թույլ կտա լուծել գլխավոր խնդիրը՝ բարձրացնել երկրի բնակչության կենսամակարդակը», -ասել է ռուս սենատորը: Չերնիշենկոն նշել է, որ ՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում բարձր գնահատական է տրվում ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշմանը: «Նա հատկապես շեշտեց, որ անդամակցումը Մաքսային միությանը, համատեղ քայլերը ինտեգրացիայի ճանապարհին արդյունավետ ազդեցություն կունենան նաև ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման վրա և կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանն առևտրային, տնտեսական և մշակութային ոլորտներում»,-գրել է Չերնիշենկոն «Միասնական Ռուսաստան» կուսակցության կայքում:

«Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը Երևանում կազմակերպել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում նշել է, որ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է: Ըստ նրա, հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է և մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գործընթացներին:

Համաժողովին զեկույցով է հանդես եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով Մաքսային միության առավելություններ ու թերությունները: Նա նշել է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, իսկ ԱՀԿ տարածքում ցածր մաքսատուրքեր են գործում: Սակայն, ըստ վարչապետի, ՄՄ-ում մաքսատուրքերի չափը մոտ երեք անգամ բարձր է:

«Դա նշանակում է, որ եթե մենք միասնականացնում ենք մաքսատուրքերը, դա ազդեցություն է թողնելու այն տնտեսվարողների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում երրորդ երկրներից»,- ասաց նա` հավելելով. «Մի կողմից, եթե բարձրացնենք մսամթերքի մաքսատուրքերը, դա բացասական ազդեցություն կթողնի սպառողական շուկայի վրա, մյուս կողմից պաշտպանելու ենք մեր միս արտադրողների շահերը: Դա խթանելու է նոր ներդրումներն անասնապահության բնագավառում»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ, որոնք Հայաստանը չի արտադրում, այլ ներմուծվում են երրորդ երկրներից, և այս առումով միասնական մաքսատուրքերը ստեղծելու են որոշակի բարդություններ: Հայաստանը պետք է ուղղվի ՄՄ շուկաներ և նախապատվությունը տա ՄՄ երկրների կողմից արտադրված ապրանքներին և մատուցվող ծառայություներին: Իսկ երրորդ երկրներից ապրանքներ ու սարքեր ներմուծողների համար դժվարություններ կլինեն, ինչն այս փուլում քննարկման առարկա է:

Վարչապետը նաև նշել է, որ անդամակցելով ԱՀԿ-ին՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Դրանց մի մասը վերանայելու կարիք կա, քանի որ ստիպված ենք լինելու վերանայել մեր մաքստուրքերը: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ ԱՀԿ-ի շրջանակներում բանակցային գործընթաց է սկսվելու:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը:

«Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Photo: er.ru
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---