Դրամական փոխհատուցում, սերմեր ու սածիլներ` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Դրամական փոխհատուցում, սերմեր ու սածիլներ` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ապրիլի 7-ին կայացել է մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարության վնասների չափը ուսումնասիրող հանձնաժողովի խորհրդակցություն:

Մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` մարզպետն անդրադարձել է համայնքների ղեկավարների կողմից վնասի չափի մասին ներկայացված նախնական տվյալներին: Նա նշել է, որ կառավարության կողմից տուժած տնտեսություններին համապատասխան օժանդակություն է նախատեսվում, որն արտահայտվելու է ինչպես դրամական փոխհատուցման, այնպես էլ մոտ 10 տեսակ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուի կամ սածիլների, ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի տրամադրման տեսքով: Իսկ Աշտարակ քաղաքում կտեղադրվի հակակարկտային կայան:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին անդրադարձել է հանրապետությունում վերջին օրերին գրանցված ցրտահարությանը և դրա հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասին: «Մոտ 11.500 հա-ի վրա արձանագրել ենք վնասներ, և այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,- ասել է նա` հավելելով, որ Կառավարությունը դիմել է Կենտրոնական բանկին՝ ֆինանսական խնդիրները քննարկելու համար:

«Որոշակի ուսումնասիրություններ ենք արել տարբեր գյուղերում, աշխատանք է տարվում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից կներկայացնենք վերջնական տվյալները: Բայց խոսքը մոտ 6 մլրդ դրամ վարկային ներդրումների մասին է»,- ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չկա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Մինչ այդ` մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

Գնահատելով վնասները` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշել էր. «Հայ գյուղացին լուրջ վնաս է կրել: Խոսքը 45-50 000 տոննա ծիրանի ցրտահարության մասին է»: Արմավիրի մարզպետարանից հայտնել էին, որ պտղատուները հիմնականում վնասվել են: Ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու 90-100 տոկոսով ցրտահարվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---