Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել ԼՂՀ-ին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալ

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել ԼՂՀ-ին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալ

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը: Զոհրաբյանն անընդունելի է համարել, որ չճանաչված Պաղեստինն ունի նման կարգավիճակ, իսկ ԼՂՀ-ն՝ ոչ:

Նա պահանջել է նաև, որ ԵԽԽՎ-ում Արցախին առնչվող հարցերի քննարկումներին մասնակցեն նաև ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչները՝ հնարավորություն ստանալով հայտնել իրենց կարծիքը, ինչպես դա արվում է Կոսովոյի դեպքում:

«Որևէ փաստարկված պատճառաբանություն, թե ինչու Պաղեստինի խորհրդարանը կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանը՝ ոչ, չկա։ Երբ մենք ընդունում ենք, որ Կոսովոյին առնչվող հարցերի քննարկման ժամանակ այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները պետք է հրավիրվեն այդ քննարկումներին, ինչո՞ւ ենք խուսափում նույն մոտեցումը կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Դա կլիներ իրապես արդար որոշում»,- ասել է Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով ստեղծելու փոխարեն անհրաժեշտ է հրավիրել այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչներին, հայտնել է Tert.am-ը:

2011 թ. հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ժողովրդավարության գործընկեր կարգավիճակը շնորհեց Պաղեստինին, ինչը հնարավորություն է տալիս նրա ներկայացուցիչներին ներկա լինել Վեհաժողովի նիստերին առանց ձայնի իրավունքի, նախագահի համաձայնությամբ հանդես գալ օրակարգում առաջարկությունների վերաբերյալ, ինչպես նաև ուղղումներ կատարել Վեհաժողովի փաստաթղթերի նախագծերում, հիմնարարներից բացի: Առաջինը ԵԽԽՎ-ում նման կարգավիճակ է ստացել Մարոկկոն:

2013 թ, մարտին Կոսովոյի ներկայացուցիչները իրավունք ստացան մասնակցելու ԵԽԽՎ նիստերին բոլոր այն դեպքերում, երբ Վեհաժողովի օրակարգում կլինի օրինակ՝ Կոսովոյին առնչվող կոնկրետ հարց։ Ինչպես այն ժամանակ հայտարարեց կառույցի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, «մենք որոշեցինք, որ ԵԽԽՎ-ն պետք է ընդլայնի երկխոսությունը բացառապես բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ընտրվել են Կոսովոյի խորհրդարան: Կոսովոյի ընտրված ներկայացուցիչները կարող են մասնակցել եվրոպական հանձնաժողովների բոլոր նիստերին, ներառյալ դիտարկման հանձնաժողովի ու մյուս ստուգիչ մարմինների նիստերը», –պարզաբանեց Մինյոնը: Այդպիսով, Կոսովոյի ներկայացուցիչները կարող են հետևել նիստերի ընթացքին, բայց չեն կարող ելույթներ ունենալ ու քվեարկել:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---