Կոնգրեսական Ռոյսն ապրիլի 24-ին կլինի Ծիծեռնակաբերդում

Կոնգրեսական Ռոյսն ապրիլի 24-ին կլինի Ծիծեռնակաբերդում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը կմասնակցի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակման արարողությանը Ծիծեռնակաբերդում: Նա գլխավորելու է ամերիկյան պատվիրակությունը, որը կժամանի Երևան, հայտնում է Orange County Register-ը:

Ըստ պարբերականի, այցը տարածաշրջան Ռոյսը կսկսի Ուկրաինայից: Պատվիրակության օրակարգում է նաև այցն Ադրբեջան: «Հայաստանն այն երկիրն է, որը պայքարում է ժողովրդավարության ու խաղաղության համար հարևանների միջև: Սակայն պետք է հիշենք նաև ХХ դարի առաջին ցեղասպանության մասին: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ-ն էներգետիկ, ինչպես նաև անվտանգությանն առնչվող շահեր ունի»,- ասել է Ռոյսը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների առաջիկա այցը Հայաստան՝ նշելով, որ դա հիանալի առիթ կլինի սեփական աչքերով տեսնելու շրջափակման մեջ գտնվող երկիրն ու ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները:

«Այցը Հայաստան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վկայում է, որ կոնգրեսական Ռոյսը հավատարիմ է ճշմարտությանն ու ոճրագործությունը դատապարտելու կոչերին»,- ասել է Արամ Համբարյանը, հայտնում է Asbarez-ը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը սատարում է կոնգրեսական Էլիոթ Էնգելի №HR4347 օրինագծին, որը պահանջում է Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում քրիստոնյաների եկեղեցիների կարգավիճակի ու գույքի և Կիպրոսի օկուպացիայի մասին:

Ապրիլի 9-ին Կապիտոլիումի բլրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը Ռոյսը նշել է, որ եղել է Կալիֆորնիայի օրենսդիրների թվում, երբ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Այս տարի ապրիլի 24-ին կլինեմ Երևանում կոնգրեսականների երկկուսակցական պատվիրակության հետ: Մարդկության համար հետևանքների տեսակետից ժողովրդի բնաջնջմանը միշտ հաջորդում է նրա մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձը: Ուստի հարկավոր է կողմ քվեարկել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված փոքրամասնություններին՝ հայերին, Պոնտոսի հույներին, ասորիներին եկեղեցական գույքը վերադարձնելու մասին բանաձևին (H.Res.4241):

Photo: Getty Images
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---