Նախագահը փոփոխել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիրը

Նախագահը փոփոխել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին 2013-ի սեպտեմբերին ստորագրած հրամանագրում: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանագրում ասվում է`

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuը` որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաuտանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.

2) 5-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ» բառերը փոխարինել «Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով.

3) 2-րդ կետով հաuտատված 1-ին հավելվածում «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաuտանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասել է. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»,-գրում է 2rd.am կայքը:

«Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք:

Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է»,- ասել է Քոչարյանը:

Ավելի ուշ տեղի ունեցած ասուլիսին ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական բարեփոխումների մասին այսօր հնչեցրած կարծիքին` ասելով. «Սա մեզ չի վերաբերվում, քանի որ մենք ի սկզբանե գտնում ենք, որ գործող համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը»,- գրում է Tert.am-ը:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում: Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության նախագահին:

Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է, որով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

Փաստաթղթի հեղինակները, նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում առկա են խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով առաջարկվում են հետևյալ մոտեցումները`

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։

2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխա նատու է միայն Ազգային ժողովի առջև: Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին և հանձնաժողովի մյուս անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար և նշել, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում: Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»,- նշել է նախագահը` հավելելով, որ հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:

«Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար»,- ասել է նախագահը:

Փետրվարի 1-ին «Հրապարակը» գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017-ին` ԱԺ ընտրությունների հետ համատեղ: «Որոշ պնդումների համաձայն` երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած ուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը»,- գրել է թերթը:

1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էական դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետությունում 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն: ՀՀ ԿԸՀ արձանագրության` քվեարկությանը մասնակցել է (ըստ ստորագրությունների քանակի) 1 513 541 մարդ: Անվավեր է ճանաչվել 20 360 քվեաթերթիկ, մարվել է 849 525 քվեաթերթիկ: Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 1 411 791 ընտրող, դեմ` 82 459 ընտրող: Անճշտությունների քանակը կազմել է 1 080: ԿԸՀ արձանագրությունը ստորագրել են նիստին ներկա Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---