11  18.03.14 - Հ․Աճառյանի անվան դպրոցի շենքի տեղում այժմ կառուցվում է ՀԱՊԿ ակադեմիա

Աճառյանի անվան դպրոցը՝ պատմություն դարձած հուշարձան. Ի՞նչ են ասում պատասխանատուները

Աճառյանի անվան դպրոցը՝ պատմություն դարձած հուշարձան. Ի՞նչ են ասում պատասխանատուները

PanARMENIAN.Net - Անհատույց օգտագործման իրավունքով ՀԱՊԿ ակադեմիային հատկացված նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքը, ավելի ճիշտ` դրանից մնացած ճակատային պատը, ավերվել է: Թեև բանվորների պնդմամբ` ինքն իրեն է քանդվել: Իբր վերանորոգվող այդ շենքը մի քանի օր առաջ պատվել է «Պահպանելով հինը, կառուցենք նորը» ու «Ավելի բարեկարգ Երևան» գրություններով հսկայական չափի պաստառներով: Ի դեպ` շենքը ներառված էր օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` պետ. ցուցիչը` 1.6.69:

Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net ին խոստացան պարզաբանում տրամադրել, սակայն մեկ օր սպասեցնելուց հետո նշեցին, որ օրերս հանդես կգան հայտարարությամբ, իսկ մինչև այդ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցներն ուսումնասիրում են շենքի ճակատային մասի քանդման մանրամասները:

Զանգահարեցինք նաև ոստիկանություն. մամուլի բաժնի աշխատակիցԱրմեն Մալխասյանը նշեց, որ դեռևս չեն կարող որևէ քայլ ձեռնարկել, քանի որ նախ պետք է լինի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության կամ պատասխանատու մեկ այլ կառույցի եզրակացությունը, պետք է նյութերն իրենց փոխանցվեն, ինչից հետո նոր կարող են հետաքննություն սկսել:

ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանն «առնվազն արտառոց է» անվանել քանդելու մասին հայտարարությունը: «Շենքը կառուցվել է 1930-ական թվականներին և արդեն անցել է գրեթե 80 տարի: Շենքն ամբողջությամբ հողաշեն էր, առկա է Սեյսմիկ ծառայության եզրակացությունը, համաձայն որի շենքը փլուզման եզրին էր: Ո´չ բարոյական, ո´չ ֆինանսական առումով շենքը քանդելու անհրաժեշտություն չկար, որովհետև այն մեծ և ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում և նաև սպասվելիք քննադատություն: Հողային աշխատանքների մեկնարկից հետո շենքի մի մասը (որն ի դեպ նույն այդ հողային աշխատանքներից առաջ ամրացվել էր) փլուզվեց և հրաշքով զոհեր չեղան: Ըստ որում, շենքի փլուզումը երկակի վտանգ ուներ` մեկը շենքի աջ կողմում, որտեղ հողային աշխատանքներ էին կատարվում և ձախ կողմից, որ կարող էր փլուզվել և ընկնել մայրուղու վրա, որտեղից մեքենաներ են անցնում:

Արդյունքում մասնագետներից ստեղծված հանձնաժողովը որոշեց կազմակերպել քննարկումներ` լուծումներ գտնելու համար, այսինքն՝ կարվի ամեն ինչ շենքի նախկին ճարտարապետական տեսքը պատշաճ կերպով վերականգնելու համար: Եվ դա կլինի ավելի ամուր և ապահով, քան նախկինում էր: Այժմ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում են համարակալման աշխատանքներ` շենքի նախկին տեսքը վերականգնելու համար: Տեղացած հորդառատ անձրևները աստիճանաբար, փուլ առ փուլ քանդում էին այն»,- ասել է նա, գրում է Replik.am-ը:

Արդեն մայիսի 5-ին նա հայտարարել է, որ արդեն իսկ պատրաստ է շենքի վերականգնման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծման փաթեթը՝ հիմքում ունենալով շենքի ճարտարապետական տեսքի պահպանման գերակա նպատակը. «Եվ վստահեցնում եմ բոլորին, որ կարճ ժամանակահատվածում կվերականգնենք շենքի նախկին տեսքն ու արդյունքում կունենանք ավելի ամուր և ապահով շինություն»:

Հր. Աճառյանի անվան դպրոցի շենքը կառուցվել էր 1936-ին, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր։ Այն այժմ վերակառուցում են՝ հետագայում այստեղ ՀԱՊԿ ակադեմիան տեղակայելու համար։ ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ սեպտեմբերից ակադեմիան գործարկվելու է։

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նախկին տեսքով շենքը վերականգնել պարզապես անհնար և ֆանտաստիկայի ժանրից է. «Նախ սկսենք նրանից, թե ինչու էր շենքից միայն ֆասադը մնացել: Խիստ կասկածում եմ, թե մնացած մասը քանդելու որևէ թույլտվություն է եղել, որ հիմա էլ ասում են, թե այն ինքն իրեն է քանդվել: Իսկ եթե բանը հասել էր նրան, որ որոշել էին մենակ ֆասադը թողնել, թեև համոզված եմ, որ թույլատրող ոչ մի փաստաթուղթ չունեն, պետք էր ամրացման համար միջոցառումներ ձեռնարկել: Բացի այդ, վկաներ կան, որոնք տեսել են, թե ինչպես են օրը ցերեկով ֆասադն էքսկավատորներով քանդում: Միտումնավոր քանդած է, ամեն ինչ դա է մատնանշում: Ինչ վերաբերում է վերականգնմանը, շինությունը հատուկ ձևով չեն քանդել, որ հետո հնարավոր լինի վերականգնել:

Երկրորդ` նույնությամբ վերականգնման համար չկան տեխնիկական միջոցներ: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում վերականգնել. շինությունը կա` պատմական արժեք է, քանդեցի՞ն` վերջ, վերականգնման մասին խոսելն ուղակի հիմարություն է»,- ասաց ճարտարապետը:

Մայիսի 1-ին, անդրադառնալով շենքի քանդմանը, քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանն ասել էր, թե շենքով մշակույթի նախարարն է զբաղվում և առանձին հայտարարություն կանի. «Այն պետք է պարտադիր վերականգնվի։ Ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասն ու կողային ճակատները վերականգնված մնան»,– ասել է նախարարը:

Վարդագույն տուֆից կառուցված 3-հարկանի դպրոցը Երևանի ամենահին կրթօջախներից էր։ Պատերազմի տարիներին այն որպես հոսպիտալ է ծառայել, մինչ այդ այդտեղ օդաչուների էին պատրաստում, որտեղից ուղիղ պատերազմ էին մեկնում։ Պատուհաններից մեկի քարին մինչև վերջերս էլ պահպանվել էր BBC փորագրությունը։ Դպրոցը միայն 1951-ին է անվանակոչվել հայագետ, լեզվաբան Հրաչյա Աճառյանի անունով, այնուհետև բակում տեղադրվել է նրա կիսանդրին։

Շենքի ճարտարապետի թոռը` Մարկ Գրիգորյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ֆասադի քանդմանը` տեղի ունեցածը որակելով հանցագործություն: «Եթե ճակատային մասը պատահաբար է փլուզվել, ապա դա ճարտարապետների ու շինարարների հանցավոր անփութության հետևանք է: Կարելի է բազում օրինակներ բերել, թե ինչպես են հին շենքերը քանդել` ձեռք չտալով ֆասադային մասին, և դրանց հետ ոչինչ տեղի չի ունեցել: Եվ չպետք է տեղի ունենար, եթե շինարարները գոնե 3-ի աշխատեին: Իսկ եթե դա դիտմամբ է արվել, այսինքն՝ ինչ-որ մեկը դիտավորությամբ այնպես է արել, որ ճակատային մասը քանդվի, ապա դա հանցավոր մտադրություն է, որը պետք է պատժվի»:

2013-ի օգոստոսի 29-ի իր 917-Ա որոշմամբ Կառավարությունը դպրոցը լուծարելու ու գույք հանձնելու մասին որոշում էր կայացրել՝ նպատակահարմար չհամարելով աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով կրթօջախի գործունեությունը։ Ունենալով 1665 քմ մակերես ու 0.253 հա հողատարածք, շենքը գանահատվել էր 8.359.000 դրամ: Նույն որոշմամբ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին: Ակադեմիան հիմնադրելու մասին համապատասխան որոշումն ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել էին 2013-ի հունվարի 29-ին։

Հիմք ընդունելով ՀԱՊԿ քարտուղարության և ՀՀ ԱԱԽ աշխատակազմի միջև 2013-ի հունիսի 27-ին կնքված ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու մասին հուշագիրն ու ՀԱՊԿ հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումը՝ Հիմնադրամը օգոստոսի 2-ին ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել էր Երևանի Մխիթար Հերացի 2 հասցեում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 20-ին գրությամբ դիմել էր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` տվյալ հասցեում գտնվող անշարժ գույքը, որն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին, Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետը 2013-ի օգոստոսի 24-ի իր համար 01/7-49629Հ գրությամբ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տեղեկացրել էր, որ նշված դպրոցի աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով դպրոցի հետագա գործունեությունը գտնում է ոչ նպատակահարմար և կազմակերպությանն ամրացված Մխիթար Հերացու փողոցի համար 2 հասցեում գտնվող անշարժ գույքը ՀԱՊԿ հիմնադրամին տրամադրելու հարցում առարկություններ չունի, ինչից հետո էլ վարչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել և շրջանառության մեջ էր դրել նշված որոշման նախագիծը:

Վերջում հավելենք, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 95-րդ հդվածի համաձայն` Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով (ընդամենը 50-80.000 դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150-250.000 դրամ): (95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.03.12 ՀՕ-34-Ն)

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---