Կալիֆորնիայի Վեհաժողովի կոմիտեն ԼՂՀ անկախության մասին բանաձև է ընդունել

Կալիֆորնիայի Վեհաժողովի կոմիտեն ԼՂՀ անկախության մասին բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի ընթացակարգերի կոմիտեն մայիսի 5-ին պատմական որոշում է կայացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին և կոչ արել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ինքնորոշման իրավունքին, հայտնում է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-WR): Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին է քվեարկել 9 օրենսդիր, 1-ը դեմ է եղել, ևս 1-ը չի մասնակցել քվեարկությանը: Վեհաժողովի երկու պալատներում կքվեարկեն մայիսի 8-ին:

«Շնորհակալ ենք Մայք Գատտոյին այդ կարևոր բանաձևի համար, որով կոչ է արվում Կալիֆորնիայի նահանգին բարոյական դիրքորոշում որդեգրել ըստ ԱՄՆ ինքնորոշման ու ազատության գաղափարների՝ ճանաչելով Արցախի անկախությունը: Անհամբեր սպասում ենք, որ Կալիֆորնիան, Ռոդ Այլենդի, Մենի, Մասաչուսեթսի և Լուիզիանայի նահանգների օրինակին հետևելով, կսատարի մեր եղբայրների արդար պայքարին Արցախում հանուն խաղաղության ու բարգավաճման իրենց հողում»,- ասել է ANCA-WR նախագահ Նորա Հովսեփյանը:

ANCA-WR կարևոր դեր ունի բանաձևի մշակման գործում, սերտ շփման մեջ աշխատելով Մայք Գատտոյի ու նրա կոմիտեի անդամների հետ: «Ինձ համար պատիվ էր աշխատելը հայ համայնքի առաջնորդների ու նրանց ականավոր ներկայացուցիչների հետ այդ կարևոր բանաձևի վրա»,- ասել է Գատտոն:

ANCA- WR քվեարկությունից առաջ դիմել էր նահանգի հայ համայնքին՝ հորդորելով նամակներ ուղարկել կամ հեռաձայնել նահանգի օրենսդիրներին, կոչ անելով ընդունել բանաձևը: Կոմիտեի անդամներին մոտ 2500 նամակ է ուղարկվել:

Կալիֆորնիան տասնյակ հազարավոր ամերիկահայերի համար տուն է դարձել, որոնք փախստական դարձան 1988-ին՝ սումգայիթյան, ինչպես նաև 1988-ին Կիրովաբադի ու 1990-ին Բաքվի հայկական ջարդերի հետևանքով: Այդ էթնիկ զտումները հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից արդեն մոտ երկու տասնամյակ տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, իսկ հետո օգտագործեց իր նավթային հարստությունը հզոր ռազմական արսենալ գնելու համար: Ադրբեջանի առաջնորդները փորձում են վերսկսել պատերազմը քրիստոնյա ժողովրդի դեմ, որն ապրել է այդ հողում հազարավոր տարիներ:

«Սատարում եմ Արցախի ազատությանը, և շարունակելու ենք խոսել այդ մասին՝ մերժելով ճնշումներն ու ադրբեջանական լոբբիի հորինվածքները»,- հայտարարել է Վեհաժողովի անդամ Սքոթ Վիլկը:

1991-ից անկախություն հռչակելուն պես Արցախը հաջողությամբ 5 խորհրդարանական ու 5 նախագահական ընտրություն է անցկացրել, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար ու թափանցիկ: Վերջին նախագահական ընտրությունները, որ կայացան 2012-ի հուլիսին, ստացան մոտ 20 երկրի, այդ թվում ԱՄՆ-ի մոտ 80 միջազգային դիտորդի դրական գնահատականը:

2014-ի հունվարի 7-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն բանաձև ներկայացրեց ԼՂՀ անկախության ճանաչման մասին: AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդկանց ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքի մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդն ու հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախության ճանաչմանն աջակցելու գործում: Գատտոն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից մեկն է, ինչպես նաև մասնակցել է դրամահավաքին հօգուտ սիրիահայերի:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերը ու ճանաչման բուն գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը:

2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:

Photo: Asbarez
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---