ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տարօրինակ պատկերացումը ԼՂՀ տարածքային բաժանման մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տարօրինակ պատկերացումը ԼՂՀ տարածքային բաժանման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 8-ին լրագրողներին պարզաբանել է, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հատկապես հիմա ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, բաղկացած վեց տարրից:

«Պատճառները երեքն են: Առաջինը, որ մայիսի 12-ին լրանում է հրադադարի մասին համաձայնության ստորագրման 20-ամյակը, երկրորդը, որ վերջին ամիսներին կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր խթան հաղորդել բանակցություններին: Եվ երրորդը, համանախագահը ցանկացել է ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունն ու տարանջատել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու հարակից տարածքների կարգավիճակը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ երկու մայրաքաղաքներում, երկու հանրություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկվում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, ուստի և արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»,-ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, հայտնում է Armenia Today-ը:

Ըստ տարածքային կառուցվածքի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաղկացած է մայրաքաղաք Ստեփանակերտից ու 7 շրջաններից. Ասկերանի շրջան, Մարտունու, Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Շուշիի և Հադրութի շրջաններ:

Շրջաններից 5-ը՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու ու Շուշիի շրջանները ընդգրկում են ինչպես նախկին ԼՂԻՄ տարածքը, այնպես էլ մերձակա շրջանները, Շահումյանի շրջանի հողերը գտնվում են Ադրբեջանական ԽՍՀ նախկին Շահումյանի շրջանի, ինչպես նաև Խանլարի շրջանի տարածքում, Քաշաթաղի շրջանը զբաղեցնում է Ադր. ԽՍՀ Լաչինի շրջանի մի մասը: Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու ԼՂՀ իշխանությունների կողմից դիտարկվում է որպես գրավյալ տարածքներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Իր ելույթի սկզբում նա խոսել է կողմերի բևեռացված դիրքորոշումների ու դեռևս չհամաձայնեցված հարցերի մասին և նշել է, որ անհրաժեշտ է աջակցել կողմերին, որպեսզի նրանք, նույնիսկ վստահության բացակայությանն պայմաններում, վճռական քայլ կատարեն:

Ուորլիքն ասել է, որ խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց,և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից:

Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից: Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:

Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից, հավելել է նա:

Ոչ պակաս կարևոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները.դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, ասել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ եկող շաբաթ կրկին նախատեսում է այցելել տարածաշրջան՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

Ուորլիքի հայտարարությանն արձագանքել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ նշելով, որ դիվանագետի ելույթը ոչ մի նոր բան չի պարունակում: Միջնորդի ներկայացրած կարգավորման շրջանակը ընդունելի չէ բարոյապես, և կիրառելի չէ գործնականում: Ուորլիքի հայտարարությունը նաև չի համապատասխանում ինքնորոշման ամերիկյան գաղափարին՝ հիմնարար սկզբունքին, որի վրա հիմնված է ամերիկյան ազգն ու որը հիմք է հանդիսացել վերջին կես դարում մոտ հարյուր նոր պետությունների կազմավորման համար:

ANCA հայտարարության մեջ ասվում է նաև, որ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի զոհն են, կրկին կոչ են անում ռազմավարական զիջումների գնալ անվտանգությունը պահպանելու Ադրբեջանի կառավարության խոստումների դիմաց, որը հեշտությամբ կարող է խախտել խոստումը:

«Մենք նախկինի պես հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, սակայն հիասթափված ենք կարգավիճակի ու անվտանգության վերաբերյալ ասիմետրիկ մոտեցումներով և սպասում ենք ավելի հավասարակշռված առաջարկների, համապարփակ ու ժողովրդավարական սկզբուքների՝ որոշելու համար անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան: Իսկ ԵԱՀԿ օրակարգի առաջին կետը պետք է դառնա Բաքվի վետոյի վերացումը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ու անմիջական մասնակցության վրա»,-ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

1994 թվականի մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզական Հանրապետության, ՌԴ ԴԺ ու ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի Գերագույն Խորհրդի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միլի մեջլիսի ներկայացուցիչների հանդիպումը, որոնք ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը 1994 թվականի մայիսի լույս 9-ի գիշերը հրադադար հայտարարելու կոչով: 1994-ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հաշտություն կնքեցին: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվում են պահպանել հրադադարը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնությունը, որը նախատեսում էր ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում: Մայիսի 9-ին Բաքվում համաձայնագիրը ստորագրեց Ադրբեջանի ՊՆ ղեկավար Մամեդրաֆի Մամեդովը: Մայիսի 10-ին համաձայնագիրը Երևանում ստորագրեց Հայաստանի անունից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Համաձայնագիրն ուժի մեջ մտավ մայիսի 12-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---