Արցախի երիտասարդների հայտարարությունը. ԼՂՀ-ն որևէ պետության «վերադարձնելու» տարածք չունի

Արցախի երիտասարդների հայտարարությունը. ԼՂՀ-ն որևէ պետության «վերադարձնելու» տարածք չունի

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ստեփանակերտում դիմավորել են բողոքի ակցիայով: Արցախի երիտասարդական կազմակերպությունները մայիսի 18-ին բողոքի հանրահավաք էին կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընդդեմ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա արել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ներկայացված է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով.

Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման բանալիները

Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ. Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:

Վեցերորդ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:

Ըստ տեղացի դիտորդների, Ուորլիքի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար, իսկ այցը ԼՂՀ սովորական աշխատանքային այց է: «Սակայն, նրա վերջին գրառումները Twitter-ում կասկածներ են առաջացնում ամերիկացի միջնորդի անաչառության վերաբերյալ»,-գտնում են Ստեփանակերտում:

Բերձորում հանրահավաքի մասնակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Ուորլիքը լսի ղարաբաղյան կողմի կարծիքը: «Մենք հարգում ենք ցանկացած խաղաղ ցույց, նույնիսկ եթե համաձայն չենք»,-դրանից հետո գրել է դիվանագետը Twitter-ում:

Սարսանգի ջրամբար այցելելուց հետո Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները: «Սա Սարսանգի ջրամբարն է: Եթե կողմերը կարողանային համատեղ օգտվել ջրային ռեսուրսներից, դա դրական քայլ կլիներ», -գրել է Ուորլիքը՝ Twitter-ի միկրոբլոգում տեղադրելով Սարսանգի ջրամբարի լուսանկարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: Հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում: 2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին, հասցնելով 16 կացնի հարված դեմքին:

Ռամիլ Սաֆարովը 2012 թ. օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջանին, հաջորդ օրը նախագահի հրամանագրով նրան ներում շնորհվեց, մայորի կոչում, նա ստացավ բնակարան ու վերջին 8 տարվա համար նախատեսված վարձատրություն: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---