Նոր կառավարության ծրագիրն ընդունվեց․ Կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն

Նոր կառավարության ծրագիրն ընդունվեց․ Կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանություն է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ նոր կառավարության ծրագրին։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ինքը և Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու նախագծին, քանի որ ողջունում է մի շարք տնտեսական առաջխաղացմանն ուղղված նախաձեռնություններ: Ասել է նաև, որ Արծվիկ Մինասյանի հետ տեսնում են «կուտակայինի» լուծման տարբերակներ և պատրաստ են համագործակցելով դրանք առաջ տանել, գրում է «Առավոտը»:

ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ հայտարարել է, թե դիմում է ներկայացրել խմբակցություն և դուրս է եկել ՕԵԿ-ից, որպեսզի «կողմ» քվեարկի կառավարության ծրագրին: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ Կարեն Բոթոյանը դիմում է ներկայացրել` ներկայանալով գործարար, որը չի կարող «դեմ» լինել կառավարության ծրագրին:

Բիշարյանը հավելել է, որ իրենք հարգել են գործընկերոջ դիմումը: «Այն, ինչ այս երեք օրը դուք այստեղ թատրոն էիք ցույց տալիս, չեք կարող պահպանել համագործակցության տարրը: Գործարար մարդը չի կարող դեմ քվեարկել կառավարության ծրագրին: Համագործակցության ու ճիշտ պահվածքի մասին ավելորդ է կառավարության հետ խոսել» ,- դիմելով կառավարությանը` հայտարարել է Հեղինե Բիշարյանը և ՕԵԿ-ականները լքել են նիստերի դահլիճը:

Մինչև քվեարկության մեկնարկը խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», չմասնակցելու մասին միասնական որոշում էին կայացրել` չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, ինչի մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նախ հարցրել է, թե նախորդ կառավարությունը չէր կարող իր ծրագրերն իրականացնել և ինքն էլ պատասխանեցլ` իհարկե կարող էր, ուղղակի քաղաքական կամք չդրսևորեց։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հարցրել է, թե ինչ-որ մեկը կասկածում է, որ նոր կառավարության հարցում ինչ-որ բան է փոխվելու։ «Հիմա ի՞նչ է փոխվել, ըստ էության ոչ մի բան չի փոխվել»,-ասել է նա և նշել, թե հնչող տեսակետները` նոր կառավարության կազմն իր վստահությամբ, գրագիտությամբ ու փորձով առավել է, ընդամենը քծնելու փորձ է և ոչ ավելին։

Դիմելով դահլիճում նստած վարչապետին՝ պատգամավորը նշել է, թե երբ վերջինս եկել էր մասնակցելու քառյակի նիստին և ասում էր, թե եկեք նորմալ աշխատենք, դրա համար պետք է բերեր բովանդակային երկու հարց։ «Ասեիք՝ ընդդիմության մասին օրենքը, լծակները տալիս ենք ձեզ՝ կլինի Վերահսկիչ պալատ, վերահսկիչ հանձնաժողով, և այլն։ Հիմա խեղճ բյուջեին մտցնում եք մի փակ սենյակ, որտեղից միայն իշխանությունն է ներս մտնում, բնականաբար հարձակվում եք այդ բյուջեի վրա։ Մեր իշխանություններն ապացուցել են, որ իմունիտետ չունեն փողի նկատմամբ, փող են տեսնում՝ սկսում են դողալ»,-ասել է նա և ավելացրել, որ եթե ծրագրի իրականացման համար շեշտը դնում են առանձին անձի մարդկային որակների վրա, որը պետք է փրկի պետությունը, դա հեքիաթ է, գրում է Tert.am-ը:։

ԱԺ ՀՅԴ խմբակցությա ղեկավար Արմեն Ռուստամյանը չքվեարկելու որոշումը բացատրել է` ասելով, որ նախորդ կառավարության ծրագրի հետ համեմատելով, որևէ փոփոխություն չկա. «Իսկ նախորդ կառավարության քաղաքականությունից մենք դժգոհ էինք»:

«Ուզում եմ հավատալ, որ եթե ծրագրում ներառված դրույթները լիարժեք իրականացվեն, լավ տեղ կտանեն: Բայց թույլ տվեք կասկածել, որ այդ սկբունքները կենսունակ կարող են լինել: Իրատեսական չի կարող լինել մի ծրագիր, որը շրջանցում է գլխավոր մարտահրավերը, խուսափում է իրերն իրենց անունով կոչելուց: Ծրագիրը չի կարող խստապահանջ լինել, որտեղից բացակայում են այն գործիքներն ու մեխանիզմները, որոնք կարող ենք երաշխավորել թափանցիկ և վստահելի վերահսկողություն»,- ասել է Ռուստամյանը, գրում է Panorama.am-ը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, թե ԲՀԿ-ն երբևէ չի առաջնորդվել և չի առաջնորդվելու ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով։ «Մեզ համար կա մեկ հստակ կոդ՝ տնտեսությունը չի լինում իշխանամետ, կամ ընդդիմադիր։ Սա է մեր բանաձևը։ Որովհետև եթե տնտեսությունը փլուզվեց, ինչը բարեհաջող արեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, բոլորի համար է վատ և առաջին հերթին՝ ժողովրդի։ Եվ երբ մենք ասում ենք, որ պետք է հստակ գնահատական տալ նախորդ կառավարության գործունեությանը, նպատակը մեկն է՝ որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշում դնել։ Տիգրան Սարգսյանը լուծեց հերոստրատյան իր խնդիրը. պատմության մեջ մնալ որպես Հայաստանի տնտեսության կործանիչ։ Եվ դա նրան հաջողվեց։ Մենք վհուկների որսի կոչ չենք անում, բայց եթե դու չես գնահատում և չես ասում, թե նախորդ կառավարության ինչ ռազմավարական խայտառակ սխալ քայլեր և կոռուպցիոն սկանդալներ հանգեցրեցին ներկա տնտեսական կոլապսին, մենք չենք կարող ճիշտ ելքերը մատնանշել»,- ասել է պատգամավորը` ներկայացնելով այն խնդիրները, որոնք, իր կարծիքով, հրատապ լուծում են պահանջում` «Պարտադիր կուտակային», կարմիր գծեր, արագաչափերի տուգանքներ, բանկի տեկոսներ, մասնավորի բիզնեսում «փայ մտնողներ» և արտաքին պարտք:

«Մենք արձանագրում ենք, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ հարցեր և շատ ավելի լուրջ մարտահրավերներ ու շատ ավելի մեծ սրությամբ, քան արձանագրված է կառավարության այս ծրագրում։ Մենք մշտապես ասել ենք ու ես հիմա կրկնում եմ՝ քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, մենք մշտապես կանգնելու ենք փակուղու առջև։ Այդ քաղաքական մենաշնորհը, ամեն գնով վերարտադրվելու իշխանության մղումն էր, որ երեկ, այս դահլիճում մեծամասնությունը դեմ քվեարկեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը։ Ու այդպես լինելու է միշտ։ «Բարգավաճ Հայաստանը» քննարկել է ներկայացված ծրագրի հանդեպ դիրքորոշման հարցը, քննարկել ենք նաև քառյակի մեր գործընկերների հետ, և «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ կառավարության ծրագրի վերաբերյալ ՕԵԿ դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հայտարարելով, թե չեն մասնակցելու քվեարկությանը: Նա նշել է, որ իրենք առանձնապես մեծ տարբերություն չեն տեսնում այս ու նախկին կառավարության ծրագրերի միջև։

Նրա համար անհասկանալի է, թե ինչու փոխվեց կառավարությունը. «Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի, որտեղ ավելի ռիսկային տոկոսներ էին ամրագրված` 5-7 տոկոս տնտեսական աճ, իհարկե, կատարվեց 3.5-ը: Տարբերությունը նախկին կառավարության հետ` այս կառավարությունը 1.5 տոկոսանոց է, քանի որ խոստացել եք 5 տոկոս աճ, հետևաբար ինչ իմաստ ուներ այդ փոփոխությունը», -հայտարարել է Բիշարյանը:

Կառավարության ներկայացրած ծրագիրը պաշտպանել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, թե այն հնարավորինս արտացոլել է այն մարտահրավերների հայեցակարգային լուծումները, որոնք թույլ կտան առաջիկա տարիների համար ամուր հիմքեր և առաջընթաց ապահովել։

Նա հայտարարել է, թե առանձնահատկությունն այս անգամ այն է, որ ՀՀԿ-ն միայնակ է ստանձնել երկրի զարգացման պատասխանատվությունը։ Ըստ նրա, գործնական փուլ է մտնել Մաքսային միությանն անդամակցության հարցը, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության անհրաժեշտություն է առաջացել։

Մայիսի 19-ին գործադիրի արտահերթ նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկույցով ներկայացել էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության ծրագիրը` նշելով, որ այն մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, նախագահի, ՀՀԿ նախընտրական ծրագրի, գործադիրի 2013-ի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---