ԵԽԽՎ-ն «սև ցուցակի» համար պատժել է Ադրբեջանին. Բաքվում 2 տարի վեհաժողովների հանդիպումներ չեն անցկացվի

ԵԽԽՎ-ն «սև ցուցակի» համար պատժել է Ադրբեջանին. Բաքվում 2 տարի  վեհաժողովների հանդիպումներ չեն անցկացվի

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել: Պատճառն այն է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին: Այն չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում: ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի և Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը, գրում է Panorama.am-ը:

2011-ի սեպտեմբերի 5-ին որոշում է ընդունվել, համաձայն որի ԵԽԽՎ-ի կոմիտեները 2 տարի հանդիպումներ չեն անցկացնի այն անդամ-երկրներում, որոնք չեն հարգում Վեհաժողովի անդամների` պաշտոնական այցերի ընթացքում ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը:

Նման արգելքը ԵԽԽՎ Բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ դրա անդամների տեղաշարժման ազատությունը:

Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է: Նա նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է: ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել:

2013-ի օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է այն մարդկանց ցանկը, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ ու այսուհետ անցանկալի անձ են: Փաստաթղթուն ներառված է 225 ազգանուն, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Միևնույն ժամանակ Բաքվում անցկացվող ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին` անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, գրում է APA-ն: Նա նշել է, որ հակամարտության լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել։

«Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում. Սա խորը հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքներն ու մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել»,-ասել է Մամեդյարովը` հավելելով, որ «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, քանի որ դա գրգռիչ գործոն է»։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---