Բաքուն սպառազինվում է, բայց զենքը դեռ յուրացնել է հարկավոր. ՊՆ ղեկավարն ադրբեջանցիների «զինվելու տենչի» մասին

Բաքուն սպառազինվում է, բայց զենքը դեռ յուրացնել է հարկավոր. ՊՆ ղեկավարն ադրբեջանցիների «զինվելու տենչի» մասին

PanARMENIAN.Net - Բնականաբար, պարբերաբար Ադրբեջանը նոր զենք ու զինամթերք է գնում, սակայն բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով զենքի առաքումներն ադրբեջանական կողմին: «Այդ զենքը դեռ յուրացնել է հարկավոր, պատշաճ կերպով պահել ու շահագործել է պետք, այսինքն պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են դա անել պատշաճ կերպով: Այդ տեսակետից պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ Պաշտպանության բանակը պահպանում են ուժերի հավասարակշռությունը առանց երրորդ ուժի միջամտության: Դա ապահովվում է շնորհիվ զինծառայողների որակական պատրաստվածության ու մարտական ոգու»,-ասել է նա: Օհանյանը տեղեկացրել է, որ բանակի ծախսերի 75 տոկոսը պահպանման ծախսերն են կազմում, մնացածը՝ կապիտալ ներդրումներ են, որոնք թույլ են տալիս պահպանել սպառազինության անհրաժեշտ մարտական պատրաստությունն ու նոր զենք ձեռք բերել:

Նախարարը նաև անդրադարձել է ռուսական կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին: Նա մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր պետություն իր ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցում է իր պլանների ու քաղաքականության շրջանակներում: «Ռուսաստանի Դաշնությունը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, առաջին հերթին, ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական հարցերին: Բայց միաժամանակ, ՌԴ-ն իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել: Որպես պաշտպանության նախարար, իհարկե, ես չեմ կարող դրան նայել բարի աչքով, բայց ես նաև իրավունք չունեմ դա քննարկել»,-հայտարարել է Օհանյանը:

Այն դիտողությանը, որ Ռուսաստանը զենք է վաճառում իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին, Օհանյանն ասել է, որ «հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանը ունի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան բարձր մակարդակ»: «Իրավիճակը չի խանգարում շփման գծում հայկական ուժերի կողմից հավասարակշռության պահպանման ապահովմանը՝ շնորհիվ նրանց բարձր պատրաստվածության»,-ընդգծել է նախարարը, հայտնում է Armenia Today-ը:

Մարտ ամսին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը զեկույց հրապարակեց, որի համաձայն Ադրբեջանը Եվրոպայում զենքի երկրորդ խոշոր ներկրողն է: Ըստ զեկույցի, Մեծ Բրիտանիան է սպառազինության հիմնական զինատեսակների խոշորագույն ներկրողը, նրան է բաժին ընկնում բոլոր եվրոպական առաքումների 12 տոկոսը: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 12 տոկոսով և երրորդը Հունաստանն է 11 տոկոսով: 2009-2013 թթ. 2004-2008 թթ. համեմատ Ադրբեջանը զենքի ներկրումն ավելացրել է 378 տոկոսով: Ըստ զեկույցի տվյալների, վերջին 5 տարում զենքի առաքումների 80 տոկոսը Ադրբեջան իրականացվում է ՌԴ կողմից: Այլ առաքողների թվում են Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան:

Հիմնական զինատեսակների խոշորագույն 5 առաքողների թվում են ԱՄՆ-ն արտահանման 29 տոկոսով, Ռուսաստանը՝ 27 տոկոսով, Գերմանիան՝ 7 տոկոսով, Չինաստանը՝ 6 տոկոսով ու Ֆրանսիան՝ 5 տոկոսով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վաշինգտոնի Միջազգային ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար աշխատակից, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Էդվարդ Լյուտվակը, ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ կապը ռազմական բյուջեի ու ԶՈւ իրական մարտունակության միջև շատ թույլ է, և հաճախ նույն ֆինանսավորումն ունեցող բանակների մարտունակությունը մի քանի անգամ կարող է տարբերվել:

Ադրբեջանը մշտապես հայտարարում է իր բանակի մարտունակության մասին, հսկայական գումարներ է ծախսում մեծ քանակի զենք ու զինամթերք ձեռք բերելու համար: Սակայն Ադրբեջանից ստացվող տեղեկությունները զենքի հետ «անզգույշ վարվելու» հետևանքով մահացու դեպքերի մասին, վկայում են, որ ադրբեջանցի զինծառայողները նույնիսկ չեն կարողանում իրենց ամրակցված զենքից օգտվել, էլ չասած ավելի լուրջ սպառազինության մասին: Պարբերաբար ու միշտ անհաջող դիվերսիոն փորձերը ցույց են տալիս նրանց մարտունակության ցածր մակարդակն ու բացակայությունը:

 Ուշագրավ
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը
Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները, թե ընտրություններում ձևավորվում են ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները