Հակառակորդի հերթական դիվերսիայի արդյունքում մեկ զինվոր ենք կորցրել (թարմացված)

Հակառակորդի հերթական դիվերսիայի արդյունքում մեկ զինվոր ենք կորցրել (թարմացված)

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը մեկ զինվոր է կորցրել՝ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ամբողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ինչպես մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայ դիրքապահների հակարահվածը դիվերսիային արժանի էր:

Օհանյանի խոսքով, նման քայլեր հակառակորդը սովորաբար ձեռնարկում է որոշակի օրերին, գրում է «Այսօր»-ը:

«Խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ վիրավորների վիճակը բավարար է:

Իրենց հերթին ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածից ստացած տեղեկություններին, ասում են, թե «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը շփման գծի օդային տարածքում պարբերաբար օդ են բարձրացնում կործանիչներ», գրում է «Ռազմինֆո»-ն։

Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են իրավիճակն առաջնագծում ու ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խախտման համարժեք պատասխան տալ։

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը:

Արդեն մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Բայց մինչև այդ՝ մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը, ով ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---