ԵՏՄ-ին անդամակցման հարցը հետաձգվո՞ւմ է. Նախարարը լռում է

ԵՏՄ-ին անդամակցման հարցը հետաձգվո՞ւմ է. Նախարարը լռում է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռևս չի կարող ասել` հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, թե` ոչ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բանակցությունները դեռևս չեն ավարտվել։

Նախարարը նախընտրել է չխոսել այն տեխնիկական խնդիրներից, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է։

Մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից:Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

Իսկ հարցին, թե հստակեցվել է այն ապրանքների ցանկը, որոնք չեն թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ այս հարցն էլ դեռ բանակցման փուլում է և դժվար է դեռ կանխատեսումներ անել։ «Համենայնդեպս զգայունները բոլորը ընդգրկված են ցուցակում: Աշխատանք է տարվում, որպեսզի ԵՏՄ անդամակցությունից հետո զգայուն ապրանքները չթանկանան»,-նշել է նա։

Նախարարը նշել է, որ այսօր դժվար է հստակ վերլուծություն անել. «Ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են: Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը», գրում է Tert.am-ը:

Հունիսի 7-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է. «Լրիվ փաստաթուղթը առկա է, Եվրասիական հանձնաժողովի կայքում կա: Առաջարկում են ծանոթանալ այդ փաստաթղթին, որը շատ հստակ ասում է, որ մինչև ամսի 21-ը պետք է ներկայացվի ստորագրման համաձայնագիրը»:

Նա նաև համաձայն չէ այն մտքի հետ, որ Հայաստանն արագացված տեմպով է մտնում ՄՄ.

«Պարզապես, եթե գնում ես ինչ-որ մի ուղղությամբ, հնարավորինս պետք է ավելի արդյունավետ գնաս, որպեսզի հետագայում որոշումներ կայացնելու մասնակից լինես, որովհետև կլինեն էլի երկրներ, որոնք միանում են, որպեսզի դրանից հետո մեզ համար խնդիրներ չառաջանան, այսինքն՝ այստեղ ես այդքան էլ արագացված տեմպեր չեմ տեսնում, մեզ վրա արագացնելու ճնշում չկա»:

Ճշմարիտյանն անդրադարձել է նաև եվրոպական շուկան կորցնելու մտավախությանը` նշելով, որ այդպիսի խնդիր մենք այսօր չունենք.

«Եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6.000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա: Այստեղ մեր խնդիրը մի քիչ այլ է: Օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների մասով մենք ունենք ոչ տարիֆային խոչընդոտներ փաթեթավորման, նույն մրգերի, բանջարեղենի կալիբրավորման, նրանց տեսքի... որոշակի պահանջներ կան, որոնց մեր տված արտադրանքը դեռևս չի բավարարում, այսինքն՝ միգուցե, համային հատկանիշներով լավն է, բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք պետք են մեր արտադրությունը, գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելուն զուգընթաց՝ այդ հարցը ևս լուծենք»:

Հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Նա ընդգծել է, որ իր համար հարցը սպառված է և զարմանում է, որ դեռևս շարունակվում են քննարկումները:

«Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ: Այո´, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին»,- ասել է նա:

Այնուհետև երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու պարագայում առաջացող տնտեսական խնդիրներին և պատասխանել հարցին, թե արդյոք հաշվարկված են բոլոր դրական ու բացասական կողմերը, գրում է Tert.am-ը:

«Եթե այսօր 1000 խմ գազը մեր սահմանին ստանում ենք 189 դոլարով, եթե այսօր վառելիքաքսուկային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, բնական ավազների ներմուծման պարագայում ունենք 7% զեղչ, դա ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է: Անշուշտ՝ որոշակի ահանգստություններ կան ինչպես հանրության մոտ, այնպես էլ՝ ինձ մոտ: Դրանք չենք կարող չլինել, քանի որ մտնում ենք մի նոր տնտեսական համակարգ: Այստեղ կան մարտահրավերներ, բայց դրանք լուծելի են, և այն բերելու է ՀՀ-ի տնտեսական զարգացմանը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Մաքսային միության սահմաններում ապրանքների ներմուծման բարձր դրույքաչափերին, ապա Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբերություններ կան, բայց դրանք հսկայական չեն:

«Երկորդ՝ զգայուն ապրանքների մասով կառուցել ենք հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակի համար, ենթադրենք՝ մեքենաների ներմուծման մասով. ակնհայտ է, որ ՄՄ անդամ երկրներn ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք՝ ավելի քիչ: Բայց այդ դրույքաչափերի կիրառումն անպայման հետաձգվելու է 5-10 տարով: Ավտոմեքենաների ներմուծման հարցը զգայուն հարց է, խնդրել ենք ժամանակ, խնդրանքը հարգվել է, և ունենալու ենք նվազագույնը 5 տարի: Այդ ընթացքում կադապտացվենք: Այդպես՝ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում»,- նշել է նախագահը` խոստանալով, որ առաջին արդյունքները Հայաստանը գրանցելու է հենց հաջորդ տարի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---