// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը` Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, Տիգրան Սարգսյանին շնորհել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Մեկ այլ հրամանագրով նա Տիգրան Սարգսյանին նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Նա նշել էր, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Մինչև այդ նախագահի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Հայաստանի նախկին վարչապետ (2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը) Տիգրան Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

1977-1978 թթ. սովորել է Երևանի տեխնիկական համար 14 ուսումնարանում, 1978-1980 թթ.` Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ, 1980-1983 թթ.` Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում(գերազանցության դիպլոմ), 1983-1987 թթ.` Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա` «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու: 1994 թ. սովորել է Վաշինգտոնի Իրավունքի միջազգային ինստիտուտում, 1996-1997թթ.` Վաշինգտոնի Համաշխարհային բանկում` «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:

1987-1990 թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար, 1988-1993 թթ.` Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ, 1990-1991 թթ.` տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր, 1990-1995 թթ.` ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ, 1993-1994 թթ.` Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում, 1995-1998 թթ.` Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ, 1995-2008 թթ.` Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն, 1998-2005 թթ.`ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, 2005-2008 թթ.` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում), 2005-2007 թթ.` Միջպետական բանկի խորհրդի նախագահ, 2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ, 2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013թ. ապրիլի 19 - 2014թ ապրիլի 13` ՀՀ վարչապետ:

ՀՀ նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

 Ուշագրավ
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից
Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները
Նրան կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով