Կարծիքներ. Էլէներգիայի սակագնի բարձրացումը կվնասի զբոսաշրջությանը, գներն էլ կաճեն 3-5%

Կարծիքներ. Էլէներգիայի սակագնի բարձրացումը կվնասի զբոսաշրջությանը, գներն էլ կաճեն 3-5%

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի 3-5 տոկոսով ապրանքների գնաճի, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ավելի ճշգրիտ կանխատեսումներ անելը վաղ է, բայց քանի որ գրեթե բոլոր ապրանքների արտադրության համար էլեկտրաէներգիա է ծախսվում, գները միանշանակ կբարձրանան»,- նշել է Պողոսյանը:

Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշել է էլէներգիայի սակագինն օգոստոսի 1-ից բարձրացնել 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով: Հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է մոտ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ): Օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվել է 41,85 դրամ 1 կվտ-ժամ-ի դիմաց, գիշերայինը՝ 31,85 դրամ։ Էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` մոտ 800 դրամ:

Պողոսյանը նշել է, որ, հավանաբար, էլեկտրաէներգիայի սակագնի վերջին բարձրացումն ինքնին այնքան վտանգավոր չէ տեղական արտադրողի ու սպառողների համար, սակայն վերջին տարիներին սակագների բարձրացման պատճառով բազմաթիվ ձեռնարկություններ անշահութաբեր կդառնան, սպառողների քանակն էլ շարունակում է նվազել արտագաղթի պատճառով: Նրա հաշվարկներով, վերջին տարում ապրանքների գները Հայաստանում աճել են միջինը 9 տոկոսվ, իսկ ծառայություններինը՝ 10 տոկոսով:

«Վտանգավոր միտում է նաև այն, որ ոչ մի անկախ փորձագետ օբյեկտիվ գնահատական չտվեց, չներկայացրեց սեփական հաշվարկները, թե որքանով են հիմնավորված այն փաստարկները, որ ՀԾԿՀ-ն բերում է սակագնի բարձրացումն արդարացնելու համար»,- ասել է Պողոսյանը:

Նա նաև կարծում է, որ հասարակությունը համախմբված ու համակարգված չէ մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելու համար, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Իր հերթինԳործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մամուլի ասուլիսում նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը լայն սպեկտորի ազդեցություն է ունենալու` շարքային քաղաքացուց մինչև զբոսաշրջություն զարգացում:

«Հյուրանոցները չեն կարող զբոսաշրջիկին ասել, թե գիտես ինչ, հոսանքը խնայի. արդյունքում տուժելու է նաև զբոսաշրջության ոլորտը»,- հայտարարել է Մակարյանը, գրում է Panorama.am-ը:

ՀԾԿՀ աշխատանքը նա որակել է ոչ պրոֆեսիոնալ և ոչ ինտելեկտուալ, քանի որ նման հանձնաժողովին հարիր չէ առանց լուրջ ուսումնասիրության, ինչն ի հայտ կբերեր «էներգետիկ համակարգում տիրող քաոսը», ամեն անգամ, երբ թանկացման մասին հայտ են ստանում, նման որոշում կայացնել:

«Սա կարող է անվերջ տևել` անընդհատ դիմեն թանկացման համար ու անընդհատ թանկացնեն առանց լուրջ ուսումնասիրության»,- նշել է Մակարյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ պաշտոնապես դիմում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և ուշադրություն հրավիրում վեց ուղու վրա, որոնք, ըստ նրա, կօգնեն խուսափել սակագնի բարձրացումից: Դրանք են` 17 մլրդ ֆինանսական ճեղքվածքի 1/3-ը պետք է հոգա պետությունը, համակարգը պետք է վերահսկելի լինի, ամորտիզացիան ուսումնասիրվիու ոչ միայն:

Հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

ՀԾԿՀ-ն մոտ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---