Հայրապետյանի մտերիմները վստահ են` կալանավորումը քաղաքական պատվեր է. Փաստաբանը կվիճարկի դատարանի որոշումը

Հայրապետյանի մտերիմները վստահ են` կալանավորումը քաղաքական պատվեր է. Փաստաբանը կվիճարկի դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալված գործարար Լևոն Հայրապետյանի եղբայրը` Վլադիմիրը, եղբոր ձերբակալումը քաղաքական վրեժ է համարում: Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանին պատկանող մի շարք բիզնեսների կառավարիչ Վլադիմիր Հայրապետյանը եղբոր ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է համարում, ասում է, որ իմանալով եղբորը, տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ է՝ ռուսական լրատվամիջոցներում եղբորը վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են:

«Ես նույնիսկ, ճիշտն ասած, չհավատացի, ասացի՝ երևի ուրիշ Լևոն Հայրապետյան է, չհավատացի, բայց որ էդ հոդվածները կարդացի, ասացի՝ հարյուր տոկոսով եղբորս հարցերն են լուծում ուղղակի․ կա՛մ քաղաքական բան է, կա՛մ․․․ Շատ կրթված մարդ է՝ փիլիսոփա, ինքը ո՞նց կարող է գողական, եսիմ, բանդիտների, բան․․․ Ամբողջը սուտ է», - հայտարարել է ձերբակալված գործարարի եղբայրը:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Այդ ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է, պնդում է ձերբակալված գործարարի եղբայրը` ասելով, որ իր հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր:

«Եղբայրս գնաց էդ նավթային բիզնեսը, սկսեց աշխատել նրա համար, որ Ղարաբաղին օգնի՝ մենակ դրա համար: Ինքը ասում է՝ «ես ուզում եմ, պետք է աղքատ մեռնեմ, ինչ որ ունեմ-չունեմ՝ պետք է տամ հայրենիքիս», - նշել է Վլադիմիր Հայրապետյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մոսկվայում արցախցի մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ հայտարարություն է տարածել արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` նշելով, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ-ռուսական բարեկամության ամենահետևողական ու ակտիվ քարոզիչներից մեկին:

«Երկար տարիներ ճանաչելով Լևոն Հայրապետյանին՝ ինձ մոտ ոչ մի կասկած չկա. այս ակցիան նպատակ ունի ստվեր նետել հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա:

Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած: Միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից Ադրբեջանն է, որի ղեկավարությունը միշտ մեծագույն նախանձով է վերաբերում հայոց պետության հաջողություններին: Այն նույն Ադրբեջանը, որը փորձում է իր խնդիրները լուծել՝ օգտագործելով նավթային եկամուտները, որը միջազգային տերմինաբանության մեջ արդեն հայտնի է «խավիարային դիվանագիտություն» անվանմամբ, ինչի մասին խոսել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» վտանգ է ներկայացնում Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի ինքնիշխանությանը:

Ցավոք, ՌԴ որոշ կառույցներում, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս խարդախ մարդիկ են աշխատում, որոնք պատրաստ են 30 արծաթի դիմաց ելույթ ունենալ իրենց սեփական երկրի շահերի դեմ: Իսկ այն հարցում, որ հզոր հայկական հանրապետությունները՝ տեղակայված ՆԱՏՕ-ի անդամ պետության և Ռուսաստանի միջև, համապատասխանում են ՌԴ շահերին, վստահ եմ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում:

Հիշեցնում եմ այս մասին, քանի որ Լևոն Հայրապետյանը նաև Լեռնային Ղարաբաղում կառուցվող ռազմական ակադեմիայի հիմնական հովանավորն է, և հենց նրա նախաձեռնությամբ է այն անվանվել հայկական ծագմամբ ՌԴ երկու ռազմական գործչի՝ Ալեքսանդր Սուվորովի և Վալերիան Մադաթովի անունով:

Իհարկե, հայ ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ Լևոն Հայրապետյանի ճակատագրի նկատմամբ, սակայն ես վստահ եմ, որ ի պաշտպանություն նրա, մարդիկ ոտքի կկանգնեն ո′չ միայն Հայոց պետություններում, այլև՝ հենց Ռուսաստանում: Միաժամանակ, ես հույս եմ հայտնում, որ տվյալ թյուրիմացությունը շատ շուտով կբացահայտվի, և Լևոն Գուրգենովիչը կրկին կզբաղվի բարեգործական և մեր երկրների համար այնքան անհրաժեշտ գործունեությամբ»,- նշել է Տեր-Թադևոսյանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն էլ, անդրադառնալով հարցին, նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտի համար զարմանալի էր արմատներով Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղից մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, այնուհետև կալանավորումը:

«Իրոք, մեզ համար, ամբողջ մեր ժողովրդի համար շատ տարօրինակ ու զարմանալի պրոցես էր այն, ինչ կատարվեց Լևոն Հայրապետյանի հետ», -հավելել է Դավիթ Բաբայանը:

Այդուհանդերձ, Արցախում չեն շտապում գնահատական տալ Հայրապետյանի հետ կատարվածին:

«Մենք չպետք է կորցնենք մեր ողջամտությունը և տեսնենք` ինչ է տեղի ունենում: Հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ պետք է ընթանա, ու ներկա դրությամբ փորձել ինչ-որ գնահատականներ տալ, մեկնաբանել, հասկանալ պատճառները, ճիշտ չէ ու վաղաժամ է», -ասել է Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ասել է, որ ժամանակը ցույց կտա` քաղաքական ենթատեքստ կա այդ ամենի հետևում, թե ոչ:

«Կարծում եմ, որ նաև բարոյական տեսանկյունից ճիշտ չէ շահարկել այդ հարցը. Լևոն Հայրապետյանի վիճակն այնպիսինը չէ, որ սկսենք շահարկել, փորձենք ինչ-որ բաներ գտնել», -հավելել է Բաբայանը:

Բայց միևնույն ժամանակ, նրա խոսքով, այդ հարցում չշտապելը չի նշանակում, որ Ստեփանակաերտը անտարբեր է Լևոն Հայրապետյանի ճակատագրին, այլ հակառակը շատ հետաքրքրված է:

«Մենք շատ ենք հետաքրքրված Հայրապետյանի ճակատագրով ու դրա համար մենք չենք ցանկանում այնպիսի մի հայտարարություն անել, որը կարող է վնաս պատճառել գործընթացին», -հավելել է Բաբայանը:

Հարցին, թե ԼՂՀ նախագահը կապվել է Հայրապետյանի փաստաբանի հետ, փորձել է հասկանալ իրավիճակը, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակը պարզենք, իմանանք պրոցեսը, այնուհետև պարզ կլինի, թե ինչով կարող ենք օգտակար լինել»:

Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը, ըստ Բաբայանի, Ադրբեջանի համար տոն է, քանի որ այդ պետության համար տոն է ցանկացած հայի հետ կատարված վատ դեպք կամ դժբախտություն:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից Հայրապետյանի հետ կատարվածը պատվեր համարելուն, ապա դա ցույց կտա ժամանակը», -եզրափակել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը, գրում է Panorama.am-ը:

Մինչ այդ Լևոն Հայրապետյանի պաշտպանը մտադիր է վիճարկել ընտրված խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մակարյանը:

«Բողոքարկելով մենք կմատնանշենք մի շարք պահեր, այդ թվում այն, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական էր, այսինքն` ենթակա չէ կալանքի»,- ասել է փաստաբանը:

Մակարյանի կարծիքով դատարանը արհամարել է նաև այն փաստը, որ իր պաշտպանյալը մի շարք հիվանդություններ ունի, որոնք ներառված են մեկուսացմանը ոչ ենթակա հիվանդությունների շարքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան:

Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա:

Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Իբրև թե Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է Մակարովի ատրճանակի երկու տուփ փաթեթավորված փամփուշտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---