Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են Արցախի համար. Վարչապետ

Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են Արցախի համար. Վարչապետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Մինչև այդ Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել այդ փաստաթուղթը, հետևաբար չեն կարող մեկնաբանել:

Նախորդ շաբաթ՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք՝ լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, և չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, և [...] երբ որ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որևէ դրական արձագանք կարող է ստանալ», - ասել է նա:

Օգտատերերից մեկը վարչապետին հարցրել է Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների մասին՝ մեջբերելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «Ալ-Վաթան» թերթին տված հարցազրույցը, որում Սարգսյանը հայտարարել էր, թե «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

Արդյոք Ղարաբաղի իշխանությունները համաձա՞յն են այս դիրքորոշմանը․ Հարությունյանը, ուղիղ չանդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնել՝ մասնավորապես նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը պարզ է՝ ազատագրված տարածքներն Արցախ են, շենացվում են Ղարաբաղի կառավարության կողմից, և այլ տեսակետ լինել չի կարող:

«ԼՂՀ իշխանությունները ոչ թե յոթ տարածքներ, յոթ շրջաններ, այլ այսօրվա փաստացի մեր տարածքը համարում են Արցախ, համարում են Արցախի տարածք, և իրականացնում ենք աշխատանքներ, կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր այդ բոլոր տարածքներում», - հայտարարեց Հարությունյանը:

2010 թվականին սիրիականAl Watan թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահը, պատասխանելով լրագրողի «Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում»հարցին, պատասխանել է.

«Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների և ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:

...Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:

Սերժ Սարգսյանի միակ հայտարարությունը չէ, որին Ղարաբաղի կառավարության ղեկավարը հակադարձել է վերջին ասուլիսում: «Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում», ինչպես նաև «Հայաստանը Ղարաբաղով չի մտնելու Մաքսային միություն»՝ Հայաստանի նախագահի Ծաղկաձորում երկու ամիս առաջ հնչեցրած այս հայտարարություններին հակառակ, Արա Հարությունյանը հարցազրույցում մի քանի անգամ ընդգծել է՝ Արցախն ու Հայաստանը վաղուց են վերամիավորվել, և հավելել՝ երբևէ՝ ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսային սահման չի լինելու:

«Ես համարում եմ, որ մենք արդեն վերամիավորված ենք, բայց Արցախը, այո, ունի իր ինքնուրույնության հնարավորությունները, բայց կոնկրետ եթե նայենք՝ մենք արդեն միացված ենք: Մի բան կարող եմ հայտարարել, որ Արցախի և Հայաստանի միջև մաքսակետ, սահման, մաքսային սահման չի լինելու՝ երբևէ՝ ոչ միայն այսօր, այլ երբևէ չի լինելու նման մաքսակետ և մաքսային սահման կամ ընդհանուր առմամբ սահման Արցախի և Հայաստանի միջև: Մենք նշեցինք, որ արդեն մենք միավորվել ենք», - շեշտել է ԼՂ վարչապետը:

Մայիսի 31-ին Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի` ԼՂՀ հետ միասին ՄՄ անդամակցելու հարցին, նշել էր. «Նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս չի կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---