Թուրք ազգայնականները Ցեղասպանության մասին ֆիլմի համար սպառնում են Ֆաթիհ Աքինին

Թուրք ազգայնականները Ցեղասպանության մասին ֆիլմի համար սպառնում են Ֆաթիհ Աքինին

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնականները սպառնացել են թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինին Հայոց ցեղասպանության մասին նրա նոր ֆիլմի՝ «Սպի»-ի (The Cut) համար, գրում է Asbarez-ը:

Թուրք-թուրանական ասոցիացիայի աջակցությամբ հրատարակվող Ötüken անվամբ ամսագիրն առցանց հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ թույլ չի տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին։

«Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս»-ին, հայ ֆաշիստներին ու այսպես կոչված մտավորականներին։ Այդ ֆիլմը Թուրքիայի ոչ մի կինոթատրոնում չի ցուցադրվի։ Մեր սպիտակ գլխարկներով ու ադրբեջանական դրոշով հետևելու ենք բոլոր զարգացումներին»,- ասված է հաղորդագրությունում։

Սպիտակ գլխարկն անմիջական հիշեցում է հայազգի լրագրող Հրանտ Դինքի մահվան մասին, որին 2007-ին սպանեց Օգյուն Սամաստը, ում գլխին այդ պահին նույնպես սպիտակ գլխարկ էր:

Աքինի նոր ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է թուրքական Մարդինում ապրող հայ տղամարդու, ով մազապուրծ լինելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից, իր երկու դստրերին փնտրելու համար ուղևորվում է ԱՄՆ։

Թուրք ազգայնականները կարծում են, որ այս ֆիլմն առաջին քայլն է «Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Անգլալեզու ֆիլմի տևողությունը 138 րոպե է, համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014-ի հոկտեմբերի 16-ին։ Սցենարի հեղինակներն են Աքինն ու Մարդիկ Մարտինը: Դերերում են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին և այլոք:

Ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել է, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չի կարողացել թուրք դերասան գտնել, որը կցանկանա մարմնավորել լրագրողին:

«Պլանավորում էի Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել «Հոգեբանական խոհանոցից» (Soul Kitchen, 2009) հետո։ «Ակոսում» հրապարակված Դինքի 12 հոդվածի հիման վրա սցենար էի գրել։ Չգիտեմ՝ արդյոք լավ ֆիլմ կստացվեր, թե՝ ոչ, բայց չկարողացա Դինքի թուրք դերակատար գտնել։ Նրանք բոլորն իրադրությունը ներկայացնելու համար այն չափազանց ծանր էին գնահատում»,- ասել էր նա։

Իմիջիայլոց, «Սպին» ներկայացվելու է Վենետիկի 71-րդ կինոփառատոնում, որը կանցնի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը:

Ֆաթիհ Աքինը ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ է: Որպես ռեժիսոր առաջին անգամ ներկայացել է 1998-ին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որի համար ստացել է Լոկարնոյի կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ»-ը և որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր Մյունխենի Pierrot փառատոնում: Հետո հաջորդել են «Հուլիսին» ֆիլմը և «Սոլինոն» Մորից Բլայբթրոյի դերակատարությամբ: Աքինի չորրոդ՝ «Գլխով պատին» ֆիլմը մի քանի պարգև է ստացել, այդ թվում՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ը: 2005-ին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում, 2007-ին մասնակցել փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով (Auf der anderen Seite): 2009-ին ներկայացրել է իր նոր կինոկատակերգությունը՝ «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»:

Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը

1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
1915՝ «Քրդերի իշխանության տակ» (Թուրքական Հայաստանի ողբերգությունը). ռեժ.` Ա. Միներվին,
1919՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia), ռեժ.` Օ. Ափվելը ,
1928՝ «Անդրանիկ», ռեժ.` Ա. Շահխաթունի,
1960՝ «Հյուսիսային ծիածան», ռեժ.` Ա. Հայ-Արտյան
1963՝ «Ամերիկա, Ամերիկա» (America America) ռեժ.` Է. Քազան
1969՝ «Սարոյան եղբայրներ», ռեժ.` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան
1970՝ «Գարուն ա, Ձյուն ա արել», ռեժ.` Գ. Մելիք-Ավագյան
1970՝ «Կոմիտաս Վարդապետի կյանքն ու երգերը», ռեժ.` Զ. Էլմասյան
1972՝ «Կրակեցեք դաշնակահարի վրա», ռեժ.` Ֆ. Տրյուֆո
1974՝ «Պատը», ռեժ.` Յ. Գյունեյ
1975՝ «Կեսգիշերային ճեպընթաց», ռեժ.` Ա. Փարկեր
1977՝ «Նահապետ», ռեժ.` Հ. Մալյան
1977՝ «Երկունք», ռեժ.` Ֆ․ Դովլաթյան
1977՝ «Քարե հովիտ», ռեժ.` Ա. Մկրտչյան
1979՝ «Ձորի Միրո», ռեժ.` Ժ. Ավետիսյան
1981՝ «Գործուղում առողջարան». ռեժ.` Ա. Հայրապետյան
1981՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ջ. Քյուրքչյան,
1982՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ս. Մուրադյան,
1982՝ «Առաքելություն ի Բեռլին», ռեժ.` Հ. Թուխանյան,
1983՝ «Գիշերում առկայծող կրակ», ռեժ.` Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով,
1985՝ «Ապրիլ», ռեժ.` Վ. Չալդրանյան,
1985՝ «Մի հայի օրագիր», ռեժիսորների խումբ
1986՝ «Զոհը», ռեժ.` Հ. Լինդեր
1988՝ «Հրաժեշտի հինգ նամակ», ռեժ.` Յու. Երզնկյան
1988՝ «Մուսա լեռ-88. Վիշապի տարի», ռեժ.` Ա. Վահունի
1988՝ «Երթ», ռեժ.` Է. Իսահակյան
1988՝ «Կոմիտաս», ռեժ.` Դ. Ասկարյան
1990՝ «Կարոտ», ռեժ.` Ֆ. Դովլաթյան
1991՝ «Մայրիկ», ռեժ.` Ա․ Վերնոյ,
2002՝ «Արարատ», ռեժ.` Ա. Էգոյան,
2007՝ «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole), ռեժ.` Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ,
2009՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia) (1919-ին նկարահանված ֆիլմի վերականգնված ու վերամոնտաժված տարբերակը),
2010՝ «Շների կղզին», ռեժ.` Ս․ Ավեդիքյան,
2011՝ «Վանա ծովուն արշալույսը», ռեժ.` Ա․ Իգիթյան, Վ․ Ստեփանյան,
2014՝ «Սպին» (The Cut, ռեժ․՝ Ֆ․ Ակին։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---