Բրիտանիայի դեսպան. Միակ բանը, որ կարող ենք հիմա անել՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Բրիտանիայի դեսպան. Միակ բանը, որ կարող ենք հիմա անել՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն անդրադարձել է հակամարտության սրմանը ղարաբաղյան գոտում և ներկայացրել է սպասելիքները Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից: «Միակ բանը, որ կարող ենք հիմա անել՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը, հնարավոր է, կայանա Սոչիում: Հույս ունենք, որ այս հանդիպման արդյունքով հնարավոր կլինի լարումը թեթևացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը՝ պատասխանելով վերջին օրերին սահմանում նկատվող լարվածության մասին հարցին:

Նա չի կարևորել՝ որտեղ կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը՝ Սոչիում, թե Փարիզում, այլ ընդգծել է դրա կարևորությունն առհասարակ ու նախագահների համաձայնության գալու հնարավորությունը:

«Մենք անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի այդ հանդիպումից և այնուհետև, հույս ունեմ, ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջ կտանի սեղանին դրվող առաջարկները»,- շեշտել է դեսպան Լիչը:

Պատասխանելով հարցին, թե ինչու միջազգային հանրությունը կոնկրետ չի պատասխանում Ադրբեջանի նախագահի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին և արդյո՞ք այդ հայտարարությունները, մասնավորապես՝ նախօրեին Ալիևի արած հերթական հռետորաբանությունը, չեն խանգարում նախագահների հանդիպումից առաջ կառուցողական մթնոլորոտ ապահովելուն, նա նշել է.

«Այսօր միջազգային հանրության նպատակն է կենտրոնանալ առաջիկա հանդիպման վրա, կոչ անել հանդիպման բոլոր կողմերին առավելագույն ջանքերը գործադրել լարվածությունն նվազեցնելու ուղղությամբ», գրում է Panorama.am-ը:

Օգոստոսի 7-ին Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի նախագահը գրել էր, թե «Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը: Երկրորդ փուլը կարող է վերսկսվել»: Նույն օրը նա նաև այցելել է Աղդամի ու Բարդայի շրջաններ, որտեղ իր ելույթում նշել է, թե «իրենց դիրքերն ամուր են ու ադրբեջանական բանակն էլ շփման գծում առավելություն ունի»:

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, թե շարունակելու են լրացնել սպառազինությունը: Նա նշել է, թե այսօր «կարող են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում գտնվող ցանկացած օբյեկտ», ասել նաև, որ հայ ժողովուրդը «պետք է ազատվի ֆաշիստական իշխանությունից, այլապես հայկական պետության գոյությունը կասկածի տակ կդրվի»: Եզրափակելով, Ալիևը հայտարարել է, թե «հայերին հաղթել են տնտեսական ու քաղաքական դաշտում, կկարողանան հաղթել նաև մարտի դաշտում»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպմանը ներկա չեն լինի:

Ինչպես Կառավարության օգոստոսի 7-ի նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 8-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում խախտել հրադադարը` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալներով, օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Oգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմը տուժածներ չունի:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11․495 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---