Նախագահ. Նոր համաձայնագրի մասին իմաստ չունի խոսել, այլ բան, եթե նոր դրույթներ լինեն (վիդեո)

Նախագահ. Նոր համաձայնագրի մասին իմաստ չունի խոսել, այլ բան, եթե նոր դրույթներ լինեն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադարձել է օգոստոսի 10-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ու բանակցությունների արդյունքներին: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, հետևաբար, այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

«Մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս՝ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Մինչև այդ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել էր 2013-ի նոյեմբերին Վիեննայում:

Անդրադառնալով հանդիպմանը վերջին միջադեպերին անդրադարձին Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ մասին չէր կարող չխոսվել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասն է: Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

«Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել ևս, որ նախկինում՝ 1994 և 1995-ին երկու համաձայնագիր է կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ միջնորդների կողմից և հայկական կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց Ադրբեջանը դրական արձագանքը դեռևս չի երևում:

Հնարավորության մասին, որ սահմանային միջադեպերը կշարունակվեն, երկրի ղեկավարը նշել է, որ չի կարծում, թե դա կլինի նույն ինտենսիվությամբ:

«Նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով:

Ընդհանրապես, միջադեպերի կանխման ամենաարդյունավետ մեխանիզմը հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, կարծում եմ, դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ պետք է աշխատել այս ուղղությամբ:

Անդրադառնալով կարծիքին, թե այս տևական ընդմիջումները բանակցային գործընթացը հետ են գցել, նախագահը նշել է, որ զրոյից ոչինչ չի սկսվելու, հետ կամ առաջ ընկնելն էլ հարաբերական հասկացողություններ են:

«Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի հիման վրա և դա 2011-ի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները»,- նշել է Սերժ Սրագսյանը:

Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին 2007-ին: Հետագայում համանախագահ երկրների ղեկավարները մի շարք համատեղ հայտարարություններով ներկայացրել էին առաջարկների մեջ ներառված սկզբունքներն ու տարրերը: Մասնավորապես, այդ թվում են Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի առկայությունը, ԼՂ վերջնական կարգավիճակի սահմանումը՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, ներքին տեղհանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայր վերադառնալու իրավունքը, ԼՂ շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, և խաղաղապահ գործողություն ներառող անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը:

Միջնորդները, ինչպես նաև ՄԽ համանախագահները, իրենց հայտարարություններում բազմիցս պնդել են, որ ներկայացված սկզբունքներն ու կարգավորման հիմնական տարրերը մշակված և մտածված են որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշիռ լուծմանը հասնելը:

Հանդիպումները պարբերական դառնալու ու դրանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության մասին նախագահը նշել է, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, չնայած ակնհայտ է, որ խնդրով հիմնականում զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները: «Բայց բոլոր երեք երկրի նախագահներն էլ պարբերաբար իրենց ժամանակից կհատկացնեն այս կարևոր խնդիրը լուծելու համար:

Այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի՝ արդյո՞ք կողմերը ցանկանում են լուծել խնդիրը, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ»,- եզրափակել է նախագահը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---