ՀՀ նահագահը շնորհավորել է Էրդողանին՝ հիշեցնելով երկկողմ պայմանավորվածությունների մասին

ՀՀ նահագահը շնորհավորել է Էրդողանին՝ հիշեցնելով երկկողմ պայմանավորվածությունների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:

Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում: Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Օգոսոտսի 10-ին Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ երկրի պատմության մեջ նախագահի առաջին ուղիղ ընտրությունների հաղթողը՝ հավաքելով 51,7 տոկոս:

Ավելի վաղ Էրդողանի հաղթանակի մասին հայտարարեցին Արդարության և զարգացման կուսակցության պաշտոնական ներկայացուցիչները: «Այսպիսի հաղթանակները պատահական չեն լինում: Այժմ նրան սատարում է ընտրողների 52 տոկոսը, սակայն վերջնական տվյալներն Էրդողանը կհայտարարի անձամբ Անկարայում»,-հայտարարել է լրագրողներին ԱԶԿ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Չելիքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինքը` Էրդողանը Ստամբուլից Անկարա ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ «ազգը որոշում է կայացրել և քվեարկելու իր կամքն արտահայտել»: Սակայն նա չի մեկնաբանել նախնական արդյունքները և չի շտապել ճանաչել իր հաղթանակը:

Մինչդեռ, անդրադառնալով Էրդողանի՝ հրապարակային ելույթում իր հայ լինելու վարկածը վիրավորանք որակելուն, Սերժ Սարգսյանը նշել է, որ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա:

«Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»,- նշել է երկրի ղեկավարը:

Ընտրություններից մի քանի օր առաջ, ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում, Էրդողանը, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանք իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի, ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»:

Ի պատասխան Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ, CHP) օգոստոսի 6-ին հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմի ու ատելության դրսևորման համար:

Էրդողանի թեկնածությունն առաջադրելուն գրեթե անմիջապես հաջորդեց ընդդիմադիր Taraf թերթի հրապարակումը՝ «Էրդողանի երկրորդ ժեստը Հայաստանի հանդեպ» հոդվածը, որտեղ ասվում էր, թե Էրդողանը մտադիր է հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված երկրորդ քայլը ձեռնարկել:

Հոդվածում ասվում է, որ Էրդողանի առաջին քայլ «ցավակցական ուղերձն էր»: «Հայկական սփյուռքը 2015-ի շեմին լայնածավալ գործողություններ է իրականացնում ներկայացնելու համար աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը միջոցներ է ձեռնարկում հայերին հակազդելու համար: Որպես առաջին քայլ վարչապետ Էրդողանը ցավակցություն հայտնեց 1915 թ. իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին: Ընդ որում, ցավակցական ուղերձը հրապարակվեց նաև հայերեն»,-գրել է թերթը:

Ըստ թերթի, երկրորդ քայլը կդառնա Հայաստանի հետ սահմանի բացումը: «Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում մտադիր է բացել 1993 թ. փակված սահմանը Հայաստանի հետ: Տեղեկություններ կան, որ Թուրքիայի վարչապետն արդեն իսկ կարգադրել է ավարտել նախապատրաստական աշխատանքները Ալիջան հսկիչ սահմանակետի բացման ուղղությամբ, որտեղ աշխատանքները սկսվել էին դեռ 2012 թվականին: Այս ընթացքում նորոգվել և ասֆալտապատվել է դեպի անցակետ տանող 7-կիլոմետրանոց ճանապարհը: Անցակետը հագեցվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով: Չնայած, որ սահմանի բացման ժամկետը ճշտված չէ, այնուամենայնիվ, լուրեր են շրջանառվում, որ, հավանաբար, դա տեղի կունենա սեպտեմբերից հետո»,-ասվում է հոդվածում:

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկատվությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---