Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման հզորությունը կավելանա 3,5 անգամ. Թբիլիսիում կազմակերպվի հայ-վրացական բիզնես ֆորում

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման հզորությունը կավելանա 3,5 անգամ. Թբիլիսիում կազմակերպվի հայ-վրացական բիզնես ֆորում

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 21-ին կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար: «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, և այսօր այն կայուն հիմք է գործակցության և փոխվստահության ոգով մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, և Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ Վրաստանը ևս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում:

Վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Թբիլիսիում կազմակերպել հայ-վրացական բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ գործարարների միջև համագործակցության սերտացմանն ու ընդլայնմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև նոր թափ հաղորդել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին:

ՀՀ կառավարության ղեկավարն, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, հիշեցրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ գործակցությունը ԵՄ-ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա նաև Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:

Այնուհետև զրուցակիցները գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկ ոլորտներում համապատասխան գերատեսչությունների գործակցության մակարդակից: Վարչապետն, անդրադառնալով Վերին Լարսի անցակետի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքների վերացմանը, հույս է հայտնել, որ սեղմ ժամկետում այն կգործարկվի: Վրաստանի կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում սողանքի, ինչպես նաև դեպի Հայաստան ձգվող գազատարի վթարի հետևանքները կվերացվեն, և դրանք կսկսեն կանոնավոր գործել:

Վարչապետները պայմանավորվել են նաև հաջողությամբ շարունակել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության և արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները:

Անդրադառնալով հայ-վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի:

ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KFW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի:

Զրուցակիցները քննարկել են նաև Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների գործարկման, ինչպես նաև մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---