Բաքուն փորձում է քողարկել մարդկանց կյանքի նկատմամբ իր քարանձավային վերաբերմունքը. ԱԳՆ

Բաքուն փորձում է քողարկել մարդկանց կյանքի նկատմամբ իր քարանձավային վերաբերմունքը. ԱԳՆ

PanARMENIAN.Net - Նման անհիմն և անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում` քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարության բողոքը` Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ։

«Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ։ Անհնար է մոռացության մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները»,- նշել է փոխարտգործնախարարը։

Նա նաև հավելել է, որ Կարեն Պետրոսյանի սպանության ակնհայտ փաստերը հերքելու անհաջող փորձերը իրականացվում են նույն ավանդական դարձած ոճով, որով Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային հանրության արձագանքները` Ադրբեջանում ակտիվիստների հալածանքների վերաբերյալ։

«Տարբերությունն այն է, որ այլակարծիք քաղաքացիներին մեղադրում են հայերի լրտես լինելու մեջ, իսկ քննադատող միջազգային կառույցներին և երկրներին մեղադրում են հայերի ազդեցության տակ լինելու մեջ։ Այդպիսի մեղադրանքները կրկին անգամ վկայում են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հայատյաց էության մասին»,- ասել է Քոչարյանը։

Օգոստոսի 21-ին Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռոմեն Նադալը հայտարարել է, թե Ֆրանսիան ցնցված է Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան լուրից: Նրա խոսքով` ֆրանսիական կողմը ցավակցություն է հայտնել Կարեն Պետրոսյանի ընտանիքին, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին ապահովել Պետրոսյանի դիակի հանձնումը հայկական կողմին և մահվան հանգամաները պարզելու համար հետաքննություն անցկացնել:

Ֆրանսիական ԱԳՆ-ի այս հայտարարությանն անմիջապես արձագանքել են Բաքվում` մեղադրելով Փարիզը «վախկոտության ու Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հանդգնության մեջ».

Ըստ ադրբեջանցիների` Ֆրանսիայի ԱԳՆ-ն «իրեն չվերաբերող գործերին խառնվելու վատ սովորություն ունի, և Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է առավելագույնս խիստ պատասխանի ֆրանսիական արտգործնախարարության հայտարարությանը: Ֆրանսիան ակնհայտ կողմնապահ, պրոհայկական դիրքորոշում է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այսպիսի պահվածք անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս: Իսկ սա էլ, իր հերթին, ոչ նպատակահարմար է դարձնում նրա ներկայությունը որպես միջնորդ-երկրի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»:

Կարեն Պետրոսյանի սպանությունը նա համեմատել է մի քանի օր առաջ ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ, որին հրապարակայնորեն նվաստացրին, ապա սպանեցին` ասելով, որ դեպքերը շատ նմանություններ ունեն.

«Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի քաղաքացու սպանությունը հրապարակային չէր, այլ հենց այնպես, ինչպես գիշերվա քողի տակ գաղտնագողի կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը, իսկ ոճրագործը հերոսացվեց Ադրբեջանում։

Իրերն իրենց անունով կոչողներին մեղադրելու փոխարեն` Բաքվի իշխանությունները պետք է հասկանան, որ նման բարբարոսական մեթոդներով գործելը իրենց երկիրը տանում է դեպի միջնադարյան անդունդ»,- եզրափակել է Շավարշ Քոչարյանը։

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---