Կոմանդոսը Հայաստանին չի առաջարկում ռազմական գործողություններ ու պատերազմ սկսել, «բայց ռազմական օրենք է չսպասելը»

Կոմանդոսը Հայաստանին չի առաջարկում ռազմական գործողություններ ու պատերազմ սկսել, «բայց ռազմական օրենք է չսպասելը»

PanARMENIAN.Net - Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ պետք չէ սպասել Ադրբեջանի հարձակմանը և պատասխանել դրան, այլ պետք է նախազգուշական հարձակում գործել: Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նա իր այս դիրքորոշումը հիմնավորել է, թե դա զսպող դեր կունենա:

Միևնույն ժամանակ, Կոմանդոսը նկատել է, որ ինքը չի առաջարկում ռազմական գործողություններ ու պատերազմ սկսել, «բայց ռազմական օրենք է չսպասելը»: Հարցին՝ Սոչիի հարաբերական անդորրից հետո որքան երկար կշարունակվի այս իրավիճակը, նա պատասխանել է.

«Նախապես պատասրատված սցենար էր: Հետագայում լարվածությունը կավելանա, Ադրբեջանը շարունակելու է մեզ պահել լարվածության մեջ»:

Անդրադառնալով վերջին իրադարձություններին, Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ դրանք փաստել են՝ Ալիևի խորհրդականները ռազմական գործում անգրագետ են ու գրեթե ոչինչ չեն հասկանում. «Եթե պատերազմ սկսվի, նրանք տանուլ կտան»:

Նախօրեին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին՝ ինչպիսին է լինելու հայ զինվորի պատասխանը հակառակորդին հավանական պատերազմի ժամանակ, նա հայտարարել է, որ ուրիշ բան չի ակնկալում և իր զինվորն այսօր հաղթանակին է պատրաստ:

«Ես, որպես պաշտպանության նախարար, ամեն օր պատրաստվում եմ պատերազմի և ինձ համար, օրը բացվում կամ ավարտվում է պատերազմին պատրաստ լինելով: Իմ և իմ ենթակաների գործունեությունը ամեն օր ուղղված է դրան», -ասել է նա:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---