Ֆրանսիացի պատգամավորը հուսով է՝ մինչև 2015-ը կընդունեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիացի պատգամավորը հուսով է՝ մինչև 2015-ը կընդունեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը նաև քաղաքական նպատակ ունի:

Նախ նա շեշտել է, որ հավատարիմ են մնում Ֆրանսիայի նախագահի որդեգրած արժեքներին և դիքորոշմանը, որով մեծ տեղ է հատկացվում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին:

«Հույս ունենք, որ 2015-ին կընդունվի օրենքը, որով քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանության փաստը: Հիմա հասել ենք նրան, որ նոր օրիանագծեր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա: Ժամանակն է, որպեսզի այդ օրինագիծն ընդունվի»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է դադարեցնել բոլոր նախաձեռնությունները, որոնք խանգարում են նման օրենքի ընդունմանը:

Լը Ռուն այդ հարցում քաղաքական խնդիր չի տեսնում, ըստ նրա՝ բոլորն են միակարծիք, որ անհրաժեշտ է քրեական հետապնդում իրականացնել Ցեղասպանությունը ժխտող մարդկանց հանդեպ, գրում է Panorama.am-ը:

Ֆրանսիացի պատգամավորն ընգծել է, որ այդ դիրքորոշման կողմնակիցն է նաև Ֆրանսիայի նախագահը: Նրա խոսքով, այսօր հարցը մնացել է միայն իրավական դաշտում, իսկ միակ խնդիրն է՝ ունենալ այնպիսի տեքստ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող փաստը չի խոչընդոտի ազատ արտահայտվելու իրավունքին:

«Անմիջապես, երբ կունանք այնպիսի տեքստ, որն իրավական առումով խոչընդոտներ չի ստեղծի, կկարողանանք այդ օրինագիծն ընդունել»,- նշել է նա:

Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված գնահատականներին, թե վերջինս արդյունավետ չի գործում, լը Ռուն նշել է, որ եթե դիվանագիտական որևէ գործընթացի մասին դատողություններ անի, ապա կարող է վստահ ասել, որ այդ հարցում չպետք է ականջալուր լինի ադրբեջանական կողմի կարծիքին: Նրա համոզմամբ, համանախագահողների միջև մրցակցություն չկա:

«Անհրաժեշտ է, որպեսի իրենք ավելի շատ նախաձեռնություններով հանդես գան: Ֆրանսիան առանձնահատուկ դեր ունի այս գործընթացում և չի պատրաստվում այն զիջել որևէ այլ պետության»,- շեշտել է ֆրանսիացի պատգամավորը:

Ավելի ուշ Բրունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ֆրանսիացի պատգամավորը նշել է.

«Ինչպես Հայաստանում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ունենք քաղաքական կամք՝ ամբողջացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչի արդյունքում կնախատեսվի քրեական հետապնդում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչումը կանխարգելիչ դերակատարություն ունի և խաղաղության հաստատման համար կարևոր է բացառել դրա ժխտումը»:

Բրունո լը Ռուն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին կարևորել է նաև հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացումը՝ միջազգային հանրության շրջանում անհրաժեշտ աշխատանքներ տանելու համար:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ եթե Հայոց ցեղասպանության պես ոճրագործությունները ժամանակին չեն դատապարտվում, ապա կրկնվելու հավանականություն են ունենում:

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

«Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար մեծ ներուժ կա»,- նշել է վարչապետը: Ընդգծելով, որ այժմ Հայաստանում հաջողությամբ գործունեություն է ծավալում ֆրանսիական 180 ընկերություն, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա:

Վարչապետն ու Բրունո լը Ռուն կարծիք են հայտնել, որ Հայաստանը կարող է ֆրանսիական ընկերությունների՝ եվրասիական շուկա մուտք գործելու հարթակ լինել:

Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է ՀՀ-ի զարգացմամբ ու պատրաստ է հետագայում ևս համակողմանի աջակցություն ցուցաբարել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծել խաղաղ բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում դրա լուծման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային այլ հարցեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---