ՀՀ նախագահ. Հայաստանի համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է

ՀՀ նախագահ. Հայաստանի համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է

PanARMENIAN.Net - Վատիկան այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իտալական Corriere della sera օրաթերթին՝ ընդգծելով, որ Հայաստանը հայտարարություն է ակնկալում Թուրքիայից Ցեղասպանության վերաբերյալ:

«Հայաստանը շահագրգռված է սատարել Արևելքի և Արևմուտքի համագործակցությանը: Փոքր երկրները շատ մեծ ռիսկի են դիմում, փորձելով օգտվել որոշումներ կայացնող խոշոր գլոբալ կենտրոնների հակասություններից: Մենք ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք ՌԴ հետ, Մոսկվայի հետ նույն հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում: Սակայն միևնույն ժամանակ մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջև հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրում ենք անկողմնակալությունը: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք կոնկրետ հարցերի շուրջ»,-ասել է ՀՀ նախագահը:

Այդպիսի քաղաքականության օրինակ է Ղրիմի հարցով քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում, ասել է Սարգսյանը, որտեղ Հայաստանը դեմ քվեարկեց դատապարտող բանաձևին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդպես վարվեց Ռուսաստանը: «Ինչպես գիտեք, դեռևս հանգուցալուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ հայերով բնակեցված տարածաշրջանի, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի իրացման համար պետք է թույլտվություն հայցել»,-ասել է ՀՀ նախագահը:

Մարտի 27-ին ՄԱԿ ԳՎ-ն բանաձև ընդունեց՝ ապօրինի ճանաչելով Ուկրաինայից Ղրիմի անկախացման հանրաքվեն և հետագա միացումը Ռուսաստանին:

Բանաձևին կողմ քվեարկեցին շուրջ 100 երկրների պատվիրակներ, դեմ՝ 11-ը, ձեռնպահ մնաց 58 երկիր:

Բանաձևին դեմ քվեարկեցին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Սուդանը:

«Ես հիշում եմ, թե ինչպես ԽՍՀՄ փլուզման տարիներին Եվրոպան միակամ սատարեց ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, նույն Ուկրաինան անկախացան հենց այդ գործընթացի արդյունքում: Մի՞թե մենք պետք է սատարենք այդ իրավունքի իրացմանը միայն այնպիսի խոշոր տարածքային կազմավորումների պարագայում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, իսկ ավելի փոքր կազմավորումների դեպքում՝ ոչ: Հարկ է նշել Կոսովոյի անկախացումը. ոչ մի տարբերություն չկա Լեռնային Ղարաբաղի հետ»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյո՞ք տարբերություն չկա նույնիսկ Կոսովոյի ու Ղրիմի միջև՝ Հայաստանի նախագահն ասել է. «Ես չեմ կարող դատել Ղրիմի մասին, բայց ակնհայտ է, որ խոսքն ինքնորոշման իրավունքի իրացման մասին է: Ամեն դեպքում, մենք հակասություններ չենք տեսնում ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներ են», ասել է նախագահը, հայտնում է Ինոպրեսան:

Սերժ Սարգսյանը կարծում է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը դեռ հեռու է թվում: Եվ պատճառը միայն Ադրբեջանի ռազմատենչ տրամադրությունները չեն, որին սատարում է Թուրքիան: Այդ երկիրը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: 2015-ին նշվելու է ողբերգական այդ իրադարձությունների 100-ամյա տարելիցը: «100-ամյակի հիշատակման արարողությանը մասնակցելու համար ես նախագահ Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա»,-ասել է Սարգսյանը:

Մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի 4-րդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015-ի ապրիլի 24-ին և առերեսվել սեփական պատմությանը»:

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողության շրջանակում պատվիրակությունների ղեկավարների պատվին տված ընդունելության ժամանակ կարճ զրույց ունեցավ Էրդողանի հետ և փոխանցեց նրան ՀՀ նախագահի Երևան այցելելու և 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---