Աշխատողի հաշվին օգնենք չաշխատողին. Կառավարությունը վերանայում է մայրության նպաստի կարգը

Աշխատողի հաշվին օգնենք չաշխատողին. Կառավարությունը վերանայում է մայրության նպաստի կարգը

PanARMENIAN.Net - Աշխատող մայրերի հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստը կրճատելու հաշվին չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու վերաբերյալ կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը զուտ առաջարկություն է և քննարկումների կարիք ունի: Այս մասին հայտարարել է սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը` հավելելով, որ քննարկումների արդյունքում կառավարությանը ներկայացված նախագծում արդեն իսկ իրականացվել են որոշակի փոփոխություններ:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Քննարկումների արդյունքում մենք փաթեթի լրամշակված տարբերակն ենք ուղարկել կառավարություն, որտեղից հանված է այն կետը, որով նախատեսվում էր երեխայի խնամքի նպաստի տևողությունը գործող երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի, հիմա նման խնդիր գոյություն չունի, այդ թեման փակված է»,-նշել է Սաիյանը:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է 2016 թվականի հունվարի 1-ից հղիության և ծննդաբերության նպաստ (140 օրվա համար) տրամադրել նաև չաշխատող մայրերին: Նվազագույն աշխատավարձի չափի՝ 66.000 դրամով հաշվարկելու դեպքում չաշխատող կինը կստանա 230.000 դրամ գումար: Փոխարենը հաջորդ տարվա հունվարի 1-ից կկրճատվի աշխատող մայրերի նպաստի չափը: Սակայն անգամ այս դեպքում տնտեսված գումարները՝ 2-3 մլրդ դրամ, բավարար չեն չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու համար, ուստի կավելացվեն նաև պետբյուջեից տրամադրված միջոցներ:Օրինագիծը հանդիպել է աշխատող մայերրի ու հղիների բուռն քննադատությանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան, ըստ Panorama.am-ի, նշել է, թե հասկանում է բողոքող մայրերին, միաժամանակ հավելելով, որ սա չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու տարբերակներից մեկն է, որը քննարկման նպատակով ներկայացվել է կառավարությանը:

Ծառայության ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանում տարեկան ծնվում է 42-43 հազար երեխա, նրանցից 13-13,5 հազարի մայրերին տրամադրվում է հղիության և ծննդաբերության նպաստ, այսինքն` նրանք աշխատողներն են, իսկ մնացած 29,5-30 հազարը չաշխատող մայրերն են, որոնք որևէ նպաստ չեն ստանում:

«Խոսքն այն մասին է, որ մենք 30.000 կնոջ տրամադրելու ենք գումար, իսկ գումարի չափը սիմվոլիկ չի լինելու՝ 5-10. 000 դրամ, որը խնդիր չի լուծում: Այսօրվա պարագայում 230.000 դրամ՝ առանց հարկերի, սա կարծում եմ, ռեալ աջակցություն է: Իսկ եթե 2016-ից նվազագույն աշխատավարձը սահմանվի 80 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, ապա յուրաքանչյուր կնոջ վճարվող նպաստը կկզամի 275-280 հազար դրամ՝ առանց հարկերի»,-բացատրել է Սաիյանը` նկատելով, որ այս պարագայում պետբյուջեից տարեկան 11 մլրդ դրամ պետք է հատկացվի:

2014 թվականի բյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի համար նախատեսված է 11-12 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա բյուջեով՝ 10 մլրդ դրամ:

« Հաշվի առնելով միջազգային փորձը ու հասցեականության բարձրացման խնդիրը, որոշվել է Հայաստանում նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունել աշխատանքային ստաժի տևողությունը. որքան շատ է ստաժը, այնքան բարձր է ամսական միջին աշխատավարձը»,-բացատրել է նա:

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին տարեկան 25-40 տոկոսով ավելանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար անհրաժեշտ միջոցների չափը: «Ակնհայտ է, սա ոչ համահունչ է միջին աշխպատավարձի աճի տեմպերին, ոչ էլ Հայաստանում որևէ հիվանդության համաճարակ կամ ծնելիության բում չի եղել: Նշանակում է, որ այդ գումարների ավելացումը օբյեկտիվ չէ»,-ասել է պաշտոնյան:

Ինչ վերաբերում է դժգոհություններին ու բողոքներին, ապա Սաիյանը նկատել է, որ չի հիշում մի դեպք, որ երբ գումարի կրճատումը ծափողջյուններով ընդունվի, մինչդեռ ամբողջ աշխարհում 2008-ից սկսած սոցիալական ոլորտում մի տրամաբանություն է գործում՝ սոցիալական ծախսերի կրճատում ու հասցեականության բարձրացում:

Օրինագծով նախատեսված է հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկել՝ պայմանավորված աշխատանքային ստաժի տևողությամբ:

Ըստ նախագծի, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի. 1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է, 2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է, 3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է: 4) Առաջարկվում է չաշխատող մայրերին տրամադրել նաև հղիության և ծննդաբերության նպաստ, այն վերանվանվելու է մայրության նպաստ և սահմանվում է, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---